Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ:

Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի և նրա իսկ կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը:

ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված զինված ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու ադրբեջանական կողմի երրորդ փորձն է: Սակայն ներկայիս իրավիճակը նախորդներից տարբերվում է թե՛ մասշտաբով, թե՛ ներգրավված զինատեսակներով: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի զինված ագրեսիան ուղեկցվում է նաև բազմաթիվ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված պատերազմական հանցագործությունների դեպքերով:

Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի ագրեսիան զսպելուն և Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական և դիվանագիտական մեխանիզմները: Հաշվի առնելով Ադրբեջանի պատրանքային պատկերացումները՝ այդ երկրին Արցախի ենթադրյալ պատկանելիության մասին՝ պաշտոնական Բաքուն փորձում է ուժի կիրառմամբ իր ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Ադրբեջանի համար հստակ ազդանշան կդառնա առ այն, որ նա որևէ իրավունք չունի Արցախի նկատմամբ:

Ֆրանսիական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել արտաքին գործերի նախարարին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար և ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ:

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ: