Մամիկոն Ասլանյանը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրել է, որ միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
«Սիրելի վանաձորցիներ, հարգելի հայրենակիցներ, այսօր ես կանգնած եմ մի որոշման առաջ, որը պայմանավորված չէ պահի ազդեցությամբ։ Սա երկար ճանապարհի շարունակությունն է։ Ես անցել եմ երկարատև ճնշումների միջով։ Ինձ փորձել են կոտրել, լռեցնել, դուրս մղել։ Բայց ես չեմ հանձվել, որովհետև իմ պայքարը երբեք անձնական չի եղել։ Իմ պայքարը եղել է հանուն արդարության՝ հանուն իմ մեծ ու փոքր հայրենիքի։
Վերջին 10 տարիներին ես երկու անգամ ստացել եմ ժողովրդի վստահությունը՝ հաղթելով ընտրություններում։ Ես գիտեմ Վանաձորի և Լոռու զարկերակը, զգացել եմ մարդկանց սպասումները, ցավն ու հույսը։
Այսօր ես այդ մեծ հույսը տեսնում եմ Սամվել Կարապետյանի անձի և նրա ծրագրերի մեջ։ Այն տարածաշրջանում, որտեղ ես ապրել եմ, բոլորը գիտեն և տեսել են Կարապետյանների կատարած գործերը։ Այս ծրագրերում ես տեսնում եմ վանաձորցու, լոռեցու և հայաստանցու ապագան։ Ես այս ճանապարհին միացել եմ շատ ավելի վաղ, երբ դեռ չկար քաղաքական հաշվարկ, չկար ձևավորված թիմ։ Ես տեսել եմ այս գործընթացը ներսից։
Սամվել Կարապետյանը հուսալի մարդ է՝ համախմբող առաջնորդ, թանձր հայկականությամբ, հավատով և հայրենասիրությամբ օժտված։ Մարդ, ում ես վստահում եմ։ Այս որոշումը նաև ժողովրդի հետ իմ շփումների արդյունքն է։ Ես ստացել եմ հստակ ազդակներ՝ միասին առաջ գնալու։ Եվ այսօր հստակ ասում եմ՝ ես պատրաստ եմ իմ ողջ փորձը, ուժը և կազմակերպչական կարողությունները ներդնել հանուն վաղվա Հայաստանի։
Սա պարզապես միացում չէ թիմին։ Սա արժեքների նույնականացում է։ Սա շարունակությունն է այն պայքարի, որի արդյունքը պետք է լինի ուժեղ և արժանապատիվ Հայաստանը»,-ասել է Ասլանյանը։