Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ի՞նչ խորհրդանիշ ունէր «արյունոտ լուացքը». Կանադայի հայերի ակցիան (տեսանյութ)

Արյունոտ լվացք՝ Տորոնտոյի փողոցներում։ Արվեստի միջոցով իր բողոքն էր արտահայտել կանադահայ նկարիչ Մարիամ Մուղդուսյանը։ Նրա խոսքով՝ ակցիան հատուկ խորհրդանիշ ուներ «Ստեփանակերտում և Շուշիում բոլոր մարդիկ գիտեն, թե խաղաղ, արևոտ օրերին այդ գունավոր լվացքներն ինչպես են դրոշների պես ծածանվում։ Երբ դրանք արյունոտ են, ուրեմն այդտեղ աղետ է եղել, ուրեմն այդտեղ արդեն մարդիկ չկան, և, նայելով այդ հագուստներին, կարելի է տեսնել, թե ովքեր չկան արդեն։ Հիմնական գաղափարը հենց սա էր»։

Մարիամը արվեստի միջոցով է պատկերացնում իր պայքարը։ Ըստ նրա՝ ակցիան այն մարդկանց մասին էր, որոնք տուժում են տեղի ունեցող պատերազմական գործողություններից։ 

Ակցիային հաջորդեց Օտտավայում մեծ հանրահավաքը, որին 3 հազարից ավելի մարդ մասնակցեց։

«Հայերիս պահանջն այստեղ այն է, որ հայտարարություններից անցնեն գործողության։ Ոչ թե ժամանակավորապես դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, այլ առհասարակ արգելել։ Սա ամենակարևոր պահանջներից է», - ասաց Մարիամը։

Ցուցարարները պահանջել են նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, զսպել Թուրքիային և Ադրբեջանին, տալ ոչ միայն գնահատականներ, այլև կիրառել պատժամիջոցներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները քայլել են ՆԱՏՕ-ի գրասենյակ և պահանջել, որ Թուրքիային զրկեն ՆԱՏՕ-ի անդամակցությունից։ Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ բողոքի ակցիաները շարունակելու են նույն տեմպով՝ ապակենտրոն պայքար մղելով։