Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է. Հունաստանի ԱԳ նախարարը՝ Զոհրաբ Մնացականյանին (տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  քիչ առաջ հանդիպում ունեցավ աշխատանքիային այցով Հայաստանում գտնվող  Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Հանդիպումից հետո Զոհրաբ Մնցականյանը քննարկումը գնահատեց արդյունավետ և կառուցողական, վստահեցրեց՝ օրակարգը շատ ընդգրկուն է եղել․

«Մեր հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ և բարեկամական բնույթով՝ խարսխված հայ և հույն ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամական կապի վրա»։

Մնացականյանը վստահեցրեց՝ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ՝ ներառելով պաշտպանության, առևտրատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ կարևոր ոլորտներ․

«Շատ կաևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ։ Հայաստանը, որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխման առաջամարտիկ, կարևորում է այդ գործում Հունաստանի գործադրած ակտիվ ջանքերը»։

Ըստ Մնացականյանի՝ երկու երկրների հարաբերությունները կարևոր են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի համատեքստերում։

ՀՀ ԱԳ նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց Հունաստանի իր պաշտոնակցին Հայաստանի համար այս բարդ ժամանակահատվածում մեր երկրում գտնվելու և իր համերաշխությունը հայտնելու համար․

«Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքներին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը»։

Զոհրաբ Մնացականյանը և մեկ անգամ շեշտեց՝ սեպտեմբերի 27-ից Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող պատերազմի հրահրողը և դրա անմիջական մասնակիցը հենց Թուրքիան է՝ ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլ նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրեց՝ չնայած Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև ՀՀ տարածքում գտնվող մարտական օբյեկտին, հրետակածման է ենթարկվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը․

«Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարարությամբ հաստատվող կրակի դադարեցումից, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ՝ ձգտում է ընդլայնել, խորացնել Ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ նախահարձակ լինելով, բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»։

Մնացականյանը շեշտեց՝ Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ ստացել են վիրավորումներ, նրանցից 86-ը ծանր վիճակում են․

«Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում փառաբանում են իրենց արարքները՝ այդ թվում գերեվարվածների հանդեպ անմարդկային վերաբերմունքը և նրանց սպանությունը»։

Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների գործողությունները Բաքվում ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկներն առ այն, թե իրենք կարող են չլսել միջազգային հանրության արձագանքն այս հարցում․

«Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի ճանաչումը առաջնային գերակա խնդիր է, սա նաև պաշտպանության միջոց է»։

Մնացականյանը ևս մեկ անգամ պնդեց՝ այս խնդիրը ուժի միջոցով հանգուցալուծում չի ունենալու, հակառակորդը ունենալու է ավելի խորը ճգնաժամ, ոչ ավելին։

Հունաստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին ասաց՝ մինչ Արտաքին գործերի նախարարության շենք այցելելը եղել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, զգացված է և հուզված, քանի որ երկու ժողովուրդները այսօրինակ ոճիրների խորը ցավը կիսում են։

Դենդիասը հատուկ ընդգծեց՝ Աթենքից հետևում են  Հարավային Կովկասում տեղի ուենցող զարգացումներին․

«Մենք ողջունում ենք Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավարվածությունը և մտահոգված ենք այն խախտելու վերաբերյալ լուրերով։ Հրադադարը պետք է խստիվ հարգվի։ Տևական լուծման կարելի է հասնել միայն բանակցային սեղան վերադառնալով և միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա»։

Հունաստանի արտաքին գործերի նախարարը հավելեց՝ Անկարայի միջամտությունը  ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է, ինչի առնչությամբ Հունաստանն արդեն բարձրացրել է իր մտահոգությունը։

«Մենք նույնիսկ հետ ենք կանչել մեր Բաքվի դեսպանին Աթենքում խորհրդակցությունների համար»։

Հունաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝  Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով։