Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թատերականում կարում են կտորե անձրևային թիկնոցներ․ նախկին դասախոսը ԱՄՆ-ից Երևան է շտապել (տեսանյութ)

 «Ինչ հնարավոր է` անում եմ մեր զինվորների համար»,-ասում է  13-ամյա Գրիգորը, ով զինվորների համար հաստ ջերմոցային ցելոֆաններից անձրեւային թիկնոցներ կարող կամավորական խմբի ամենակրտսեր կամավորն է։ 

Ապագա զինվորն ամեն օր դպրոցից հետո շտապում է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ՝ օգնելու  կամավորներին, որպեսզի առաջնագծի զինվորներն զգան թիկունքի ուժը․

«Թող իմանան, որ մենք իրենց կողքին ենք միշտ, շատ ենք սիրում իրենց»,-ասում է տղան։ 

Նախաձեռնությունը  ուսանողներինն է, ովքեր  ինքնակազմակերպվել են, վերցրել արդուկը, մկրատն ու ասեղը և անցել գործի։

Այսօր արդեն ուսանողներին միացել են ոչ միայն տարբեր բուհերից իրենց ընկերները,  այլ նաև տնային տնտեսուհիներ, արտերկրից ժամանածներ։

Տիկին Մարոն Թատերական ինստիտուտի նախկին դասախոս է, բնակվում է ԱՄՆ-ում, բայց պատերազմի լուրն առել, հոկտեմբերի 9-ին շտապ Երևան է հասել, իր բաժին պարտքը տալու։ Միացել է իր սաներին, այսօր արդեն նրա  ջանքերով ինստիտուտի՝ արտադրամաս դարձած 108 լսարանում առաջին անգամ կարում են նաև կտորե անձրևային թիկնոցներ, առաջին նմուշը ձևում էին հենց մեր նկարահանման պահին․

«Մենք որոշեցինք մի քանի հատ էլ սարքել իսկական անձրևանոցի կտորից, ինչու մի քանի հատ, որովհետև հումք չունենք,  գնեցինք կտորը հիմա պատրաստում ենք ՝ օգտվելով ամերիկյան զինվորական անձրևանոցների օրինակից»։

Ուսանողների կողքին նախկին դասախոսը  միակ տարիքով կամավորը չէ, այստեղ են շատ կանայք, ովքեր առօրյա գործերը թողել, եկել են ինչ-որ կերպ իրենց ներդրումը ունենալու։ Տիկին Նինան քիչ առաջ էր միացել կամավորներին, մեր նկարահանման պահին էլ թիկնոցներ կարելու սկզբունքներին էր ծանթանում․

«Մեր օգնությունը էսպես գոնե տանք, գոնե էսպես օգտակար լինենք»,-ասում է նա։

Նախաձեռնողներից  Լիլիթ Հովհաննիսյանը պատմում է՝  անձրևանոցի առաջին նմուշները ինքն ու ընկերներից  Միքայելը իրենց տանն են պատրաստել, այնուհետև գաղափարը տեղափոխել են ինստիտուտ․

«Սկզբում մեր համակուրսեցիները միացան,  հետո թատերականցիներից շատերը միացան, հետո տարբեր ինստիտուտների կամավորական խմբեր,  տնային տնտեսուհիներ միացան, օրը մոտ 60-70 կամավոր է այցելում այստեղ, այսօր ունենք արդեն 3500 թիկնոցներ, որոնք ուղարկել ենք»։

Լիլիթը  ոգևորված պատմում է, որ Արցախից զանգեր հաճախ են ստանում, առաջնագծի տղաները կարճ շնորհակալություն են հայտնում ու անջատում․

 «Մենք  վերջերս արդեն սկսել ենք բացիկներ թողնել տուփերի մեջ, որպեսզի հետադարձ կապ ունենանք, զանգում են, շատ շնորհակալ են, ամենից շատ իրենց հետաքրքրել է հեշթեգերի պահը, շատ ոգևորվում են դրանից»։

Իրենց ցանկություններն ու մաղթանքները կամավորները հենց թիկնոցների վրա՝ հեշթեգերի միջոցով են տղաներին հասցնում։ 

Մասնագիտությամբ երաժիշտ Ռուզաննան  համարում է՝  սա ամենաքիչն է, ինչ կարող են անել թիկունքում։

«Հավաստիացնում եմ՝ ամեն հատիկ անձրևանոցի վրա ներդնում ենք մեր սերը, նվիրվածությունը, հաղթանակի սպասումը»,-ընդգծում է նա։