Բացել լրահոսը Փակել լրահոսը
hh-hayastan
A A
Պաշտոնական

ՀՀ օրհներգը կավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը եւ Ալեն Սիմոնյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում եւ ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել անյպես, որ ավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:

Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով օրինագծի նպատակը ՀՀ խորհրդանիշներից մեկի` օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ունենալն է: «ՀՀ օրհներգ ասելով` հստակ հասկանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ եւ ինչ տեւողությամբ ու նրբերանգներով այն պետք է լինի»,- նշել է նա:

Հանձնաժողովի նախագահի խոսքով ՀՀ օրհներգը տարբեր ժամանականերում, տարբեր միջոցառումների ժամանակ կատարվել է տարբեր կերպ: Ըստ նրա` օրհներգի պաշտոնական տարբերակը որեւէ տեղ հրապարակված չէ, կան բազմաթիվ կատարումներ: Ուստի, հեղինակներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ Կառավարության կայքէջում հրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստի խմբագրված տարբերակը, եւ այդ տարբերակը հնչի օրենքով նախատեսված բոլոր դեպքերում:

Նախագծով առաջարկվում է նաեւ ամրագրել օրհներգի հաստատված երաժշտական եւ տեքստի կարճ խմբագրությամբ տարբերակը` մարզական միջոցառումների ժամանակ հնչեցնելու համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, նշել է, որ այն ամբողջությամբ համահունչ է պետության կողմից վարվող քաղաքականությանը: Նախարարը նշել է, որ փոփոխված օրհներգը պարտադիր կհնչի դպրոցներում, բուհերում ինչպես նաեւ նախադպրոցական հաստատություններում եւ քոլեջներում:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը, հայտնում են ԱԺ-ից։