1 միլիարդ սովյալ
Աջակցիր «Ա1+»-ին14 տարի առաջ Պարենի հարցով համաշխարհային գագաթաժողովում պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պարտավորվեցին մինչեւ 2015 թվականը կիսով չափ կրճատել սովից տառապող մարդկանց քանակը:
Սակայն ամենաթարմ տվյալները ցույց են տալիս, որ ներկա իրավիճակը նույնիսկ ավելի մտահոգիչ է, քան 1996 թվականին առկա իրավիճակը:
«Սովի ծավալները վերջին երեք տարվա ընթացքում աճել են գյուղատնտեսության բնագավառում կատարվող ներդրումների անկման եւ պարենային ապրանքների գների թռիչքի պատճառով: Այս վիճակն էլ ավելի է սրվել ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով, որն ազդել է երկրագնդի բոլոր հատվածների վրա: Նախորդ տարվա համեմատ` 2009 թվականին սովյալ մարդկանց թիվն ավելացել է 105 միլիոնով եւ հասել 1 միլիարդի»,- այսօր Երեւանում հայտարարել է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն (ՊԳԿ) գլխավոր քարտուղար Ժակ Դիուֆը: Երեւանում այսօր սկսվել է ՊԳԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 27-րդ տարածաշրջանային երկօրյա համաժողովը:
Ըստ նրա` «եթե 2050 թվականին մենք կերակրելու ենք երկրագնդի` ակնկալվող 9.1 միլիարդանոց բնակչությանը, որի 70 տոկոսն ապրելու է քաղաքներում, ապա պարենային ապրանքների համաշխարհային արտադրությունը անհրաժեշտ կլինի ավելացնել ավելի քան երկու երրորդով, իսկ արտադրությունը զարգացող երկրներում` կրկնակի չափով»:
«Սահմանափակ բնական ռեսուրսների պայմաններում, գյուղատնտեսության աճի աղբյուրը պետք է լինի բերքի ավելի մեծ ծավալը: Այսպիսի աճի առանցքային գործոններն են լինելու ջրի հասանելիությունը եւ արտադրության ժամանակակից միջոցները, գյուղատնտեսության վարման ճիշտ եղանակները, հողերի եւ վարելահողերի կառավարումը եւ թիրախային տեխնոլոգիաները: Մենք նաեւ ստիպված ենք լինելու հաղթահարել սպառման ապրանքների շուկաների սահմանափակումները եւ երաշխավորել, որ փոքր ֆերմերային տնտեսությունները ստանում են համարժեք եկամուտներ: Դա կնշանակի լուծել տեղեկատվական եւ հաղորդակցական համակարգերի, ճանապարհային ցանցերի, պահեստավորման եւ վերամշակման հնարավորությունների, ինչպես նաեւ սննդի որակի եւ անվտանգության վերահսկման համակարգերի անբավարարության եւ անհամարժեքության խնդիրները: Նաեւ կպահանջվի, որ գյուղատնտեսությունը հարմարեցվի կլիմայի փոփոխությանը եւ արտադրողականության վրա կլիմայի փոփոխության ունեցած ազդեցությանը»,- նշել է Գլխավոր քարտուղարը:
Նրա գնահատմամբ` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության ճյուղում ավելի մեծ ծավալի ներդրումներ կատարելը կարող է օգնել սովի խնդիրն աշխարհի մյուս տարածաշրջաններում լուծելուն:
Մասնավորապես` բավարար ներդրումների դեպքում Ղազախստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում մոտավորապես 10 միլիոն հեկտար վարելահողեր կարելի կլիներ վերադարձնել մշակման եւ աճեցնել մշակաբույսեր ու յուղատու բուսատեսակներ:
Ի դեպ, համաժողովի մասնակիցների թվում են գյուղատնտեսության նախարարներ տարածաշրջանային երկրներից, (այդ թվում` Ադրբեջանից) պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ գործարար հատվածի ներկայացուցիչներ: