Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման
A A
Հասարակություն

Էս ոգով հաղթելուն քիչ է մնացել․ զինվորի մտահոգ, բայց հպարտ քույր

Ռազմական գործողությունների առաջին օրերին վիրավորված եւ  ապաքինված   զինվորները վերադառնում են  ընկերների մոտ։   Նրանցից մեկն էլ սերժանտ Սարգիս Քոչարյանն  է։

«Սեպտեմբերի 27-ին  հորաքրոջս տանն էինք առավոտից, հյուրերի էինք սպասում։ Երբ իմացանք սահմանային լարվածության մասին,  ուրախանալն անհնար էր։ Հավաքվել էինք, բայց էլ ոչինչ չկար անելու»,-ասում է Գրետան։ 

Նույն օրը գիշերը զանգ են ստացել, որ եղբայրը  ոտնաթաթի  վնասվածք է ստացել և տեղափոխվում է Երևան՝ հիվանդանոց։  Գրետան ասում է՝  այս հիվանդանոցում գտնվելու  ամբողջ ընթացքում եղբայրը դիրքեր  վերադառնալու մասին է մտածել։ Անհանգստությունը մեծ է, բայց․

«Ուրախ եմ, որ եղբորս ու իր նման մյուս տղաների մոտ հայրենիք պահելու կամքն առաջնահերթություն է։ Էս ոգով հաղթելուն քիչ է մնացել»։

Գրետան ասում է՝  եթե յուրաքանչյուրիս հարազատն  այս հողին արյուն է թափել ու շարունակում  է  թափել, ուրեմն  հողն էլ մեր արյունակիցն է։

 Ի դեպ, 2016թ ապրիլյան պատերազմի օրերին Գրետա Քոչարյանն իր ընտանիքի հետ Արցախի Բերձոր (Լաչին) քաղաքում  է եղել։

«Այդ ժամանակ եղբայրս տասնհինգ տարեկան էր ու տանը նստած մասնակցության մասին էր մտածում, պատերազմի ընկալում էլ չկար, բայց մենք ներկա էինք պատերազմին։ Մարտական տրամադրված ճանապարհում էինք հարևաններին և միայն չնահանջելու մասին մտածում»,- պատմում է Գրետան։

Ասում է՝  չնահանջելու զգացողությունը չի  լքում, նույնիսկ երբ մտահոգությունն այս օրերին շատ- շատ մեծ է։