Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Թուրքիան ՀՀ սահմանին գործողություն անի, ՌԴ-ի և Իրանի միջամտությունն անխուսափելի կլինի․ Ա․Մելիքյան (տեսանյութ)

«Արաբական գարնան առաջացրած բռնության ալիքը շարժվում է դեպի արևելք, այսօր այն հասել է Հարավային Կովկասի սահմաններին։ Կան միջազգային շատ լուրջ դերակատարներ, որոնք այս ալիքը Արևելք մղելու շատ մեծ շահագրգռվածություն ունեն։ Սա աշխարհի, հատկապես Եվրասիայի քաղաքական դիմագիծը փոխելուն միտված շատ մեծ նախագիծ է։ Թիրախում ողջ տարածաշրջանն է, և նպատակներից մեկը թուրքական աշխարհի ակտիվացումն է, որտեղ Թուրքիան լոկոմոտիվի դերն է խաղում։ Մեր խնդիրն այն է, որ կարողանանք մեր շահերը լիովին ապահովել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը։

Դիվանագետի ներկայացմամբ, այս պատերազմում մեր պոտենցիալ դաշնակիցները Իրանն ու Ռուսաստանն են։ Նա չի բացառում, որ պատերազմի ընդգրկվածությունը մեծանա, ու թիրախում հայտնվի նաև Իրանը։ Բացի այդ՝ որքան առաջանա Թուրքիան, այնքան կնահանջի ՌԴ-ն, իսկ ՌԴ-ն, Ա․Մելիքյանի խոսքերով, նահանջելու տեղ չունի, քանի որ եթե մի քայլ ետ գնա, դա կդառնա անվերջանալի։ Այդ պատճառով էլ նա կարծում է, որ եթե Թուրքիան հայ-թուրքական սահմանին որևէ գործողություն սկսի, ՌԴ և Իրանի միջամտությունն անխուսափելի կլինի։

«Այդ դեպքում ողջ խաղը կվերափոխվի երրորդ համաշխարհային պատերազմի»,- ասում է Ա․Մելիքյանը։

Վերջինս նաև գտնում է, որ թշնամու ռազմատենչությունը կոտրված է, և նրանք հրահրած պատերազմում որևէ էական հաջողություն չգրանցեցին, բայց ունեցան ինչպես մարդկային, այդպես էլ տեխնիկայի հսկայական կորուստ։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի իշխանությունը հանձնեց Թուրքիային, և Ադրբեջանի ժողովուրդը դրա հետևանքներն իր մաշկի վրա երկար կզգա։

Ինչ վերաբերում է խնդրին, թե արդյոք հայկական կողմն ունի՞ այնքան ռազմական տեխնիկա, որ կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական հնարավորություններին, Ա․Մելիքյանը համոզված է․

«Խնդրի գինն այնքան բարձր է, որ մենք ևւ ռազմամթերք, և զինտեխնիկա, և անհրաժեշտ ամեն ինչ կունենանք»։

«Պատերազմի ընթացքում մենք կարող ենք այնպիսի խնդիրներ լուծել, որպիսիք դժվար թե կարողանանք լուծել խաղաղ ժամանակ՝ պարտության մատնել թշնամուն՝ լրջագույն կորուստներ պատճառելով նրան և ջարդել Թուրքիայի մռութը»,- եզրափակեց Ա․Մելիքյանը։։