Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկա-ցեմենտը» ածուխ է վառում (տեսանյութ)

Տնտեսություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր Թուրքիայից վայրէջք կատարեց Էյրբաս A-320 ինքնաթիռը, որը «Արմավիա» ավիաընկերությունը ձեռք է բերել վերջերս:
Վայրէջքի պահին նոր ինքնաթիռը «օծվեց» ջրով: Հետո ՀՀ Քաղավիացիայի վարչության պետը կտրեց գեորգիեւյան ժապավենը եւ հյուրերը բարձրացան ինքնաթիռ:

Նոր ինքնաթիռը կրելու է հայազգի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը եւ իր առաջին չվերթը կատարելու է մայիսի 9-ին: Իհարկե ավիաընկերությունում դեռ չեն որոշել, թե ինչ ուղղությամբ, սակայն, հուսով են, որ նոր ինքնաթիռը միշտ լեցուն կլինի ուղեւորներով:

Մինչ այս, «Արմավիան» անվանակոչել է ինքնաթիռները Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Մերգելյանի, Արամ Խաչատրյանի անուններով, նույնիսկ գործում է VIP ինքնաթիռ~ Ալեքսանդր Մանթաշովի անվամբ, ծրագրում է նաեւ հաջորդ ինքնաթիռը կոչել Մարտիրոս Սարյանի անունով:

Հ.Բաղրամյանի անունը կրող ինքնաթիռը մինչ այսօր շահագործվել է Չինաստանում` թռել է մոտ 30 հազար ժամ: Սա «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը համարեց նորմալ:
«Ինքնաթիռը շատ լավ վիճակում է,- ասաց նա, սակայն չմեկնաբանեց`թե որքան է այն արժեցել,- դա կոմերցիոն գաղտնիք է»:

«Ամբողջովին նոր ինքնաթիռ չենք գնել, քանի որ դա թանկ է: Այս ինքնաթիռը գնել ենք ավելի էժան, բացի այդ ճգնաժամի շրջանում ամեն ինչ էժանանում է, մենք էլ որոշեցինք ամեն ինչ անել, որ գնենք էժան»,- հավատացրեց «Արմավիա» ընկերության տնօրեն Միխայիլ Բաղդասարովը:

Ի դեպ. «Արմավիա» ավիաընկերությունը մինչեւ տարեվերջ ծրագրում է գնել երկու «Սուխոյ Սուպերջեթ» տեսակի ինքնաթիռ: 2011թ.-ի վերջին էլ ընկերությունն արդեն կունենա 15 ինքնաթիռ:

Վնասների մասին

«Այս տարի մենք լավ չենք սկսել, բայց արդեն ամեն ինչ հարթվում եւ նորմալ հունի մեջ ենք մտնում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» եւ «Միկա» ընկերությունների տնօրեն Միխայիլ Բաղդասարովը:

Ըստ նրա, Իսլանդիայում ժայթքած հրաբխային ամբի պատճառով «Արմավիան» եւս վնասներ է կրել: «Հետաձգվել էր դեպքի Եվրոպա 5 չվերթ: Հետո, մարդիկ պարզապես տոմս չէին գնում, նույնիսկ երբ արդեն գործում էին չվերթները»,-նշեց նա: Ի դեպ, «Արմավիա»-ում հավատացրեցի նաեւ, որ իրենց մոտ ավիատոմսերը բավականին էժան են եւ եթե նույնիսկ սեզոնային թանկացումներ լինեն, ապա` ոչ շատ:

Վառելիքի մասին

«Արամավիա» ավիաընկերության ներկայացուցիչների խոսքով իրենք վառելիքը գնում են «Զվարթնոց» օդանավակայանից` մեկ տոննայի համար վճարելով 987 դոլար: Ինչ վերաբերում է գազի գնի բարձրացմանը ու դրա ազդեցությանը, ապա «Արմավիա» եւ «Միկա» ընկերությունների տնօրեն Միխայիլ Բաղդասարովը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ վերջական կկարգավորվեն այդ հարցերը եւ ռուսական գազի գինը շուտով կկայունանա:

Իսկ մինչ այդ, «Միկա հոլդինգի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը «Ա1+»-ին հայտնեց, որ իրեն պատկանող «Միկա-ցեմենտը» գործարանը, օրինակ, արդեն գազի փոխարեն անցել է ածուխի գործածման: