Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սպիտակ տանն ուղղված ստորագրահավաք` Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրանքով (տեսանյութ)

Սպիտակ տան ինտերնետային կայքի We the People բաժնում սկսվել է առցանց ստորագրահավաք՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրանքով:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագրով կոչ է արվում.

1.Հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, այս երկիրը հայտարարել ահաբեկչության հովանավոր

2.Արգելել Թուրքիային օգտագործել ՆԱՏՕ-ին պատկանող զենքեր

3.Փակել Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմական բազաները

4.Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

5.Դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային ու Ադրբեջանին. Աջակցություն ցուցաբերել Հայաստանին

6.Ճանաչել Արցախի անկախությունը

7.Կանգնեցնել՝Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունը:

Սպիտակ տան կայքում մանրամասն կերպով բացատրվում է նման խնդրագրեր ներկայացնելու եւ այդ հարթակում էջ բացելու ձեւերը: Այս դեպքում էջն արդեն կազմված է, եւ այժմ ընթանում է ստորագրահավաքը:

Սպիտակ տան կողմից խնդրագրի վերաբերյալ արձագանք ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար առցանց ստորագրություն, որը պիտի հավաքվի մեկ ամսվա ընթացքում: Էջում ներկա պահին դրված է ավելի քան 74 հազար ստորագրություն, իսկ վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 28-ին:

Եթե մինչեւ հոկտեմբերի 28-ը հավաքվի առնվազն 100 հազար ստորագրություն, այն կդրվի Սպիտակ տան կողմից ուսումնասիրվելու համար հերթի: Ի դեպ, այդ դեպքում թույլատրվում է շարունակել ստորագրահավաքը: Սպիտակ տան պատասխանը կստանա յուրաքանչյուր ոք, ով իր ստորագրությունն է դրել խնդրագրի տակ: Ստորագրահավաքին կարող է մասնակցել 13 տարեկանից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր անձ:

Սպիտակ տունն այս խնդրագրերին պատասխանում է 60 օրվա ընթացքում, սակայն ծանրաբեռնվածության դեպքում երբեմն քիչ ավելի երկար ժամանակ է պահանջվում:

Ի դեպ, Սպիտակ տան ստորագրահավաքների էջում կա նաեւ ադրբեջանցիների կողմից կազմված դիմում, որով կոչ է արվում, մեջբերում եմ, ‘’պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտել Հայաստանի կողմից միջազգային սահմանների ոտնահարումը’’: Դրա ժամկետը լրանում է հայկական դիմումից մեկ օր անց, սակայն մինչ այժմ ունի միայն 16 հազար ստորագրություն:

https://petitions.whitehouse.gov/petition/condemn-aggression-turkey-and-azerbaijan-against-artsakh-armenia