Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական» մեխակի եկամուտն ադրբեջանցիներինն է

Տնտեսություն

Եթե նախկինում Հայաստանում կար 120 հա ջերմոց եւ նախատեսվում էր դրանց ծավալները հասցնել 1000 հա-ի, ապա հիմա ունենք ընդամենը 114 հա ջերմոց, այն էլ` փոքր տնտեսություններում:

Ջերմոց ունենալն ու պահելը թանկ հաճույք է, մինչդեռ, ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը, դրանք այսօր լրիվ անտեսվել են պետության կողմից:

Առկա միջոցներով, ըստ նրա, կարողանում են միայն պահպանել եղածը: Արդյունքում նոր ջերմոցներ ստեղծելու հնարավորություն էլ չի լինում: Նրա պատմելով` մի քանի տարի առաջ փորձեցին ջերմոցների զարգացման համար նորագույն տեխնոլոգիաներ ներմուծել, սակայն մաքսային բարձր գները դժվարացրին ներմուծումը: Այդ սարքավորումներով, ըստ նրա, հնարավոր կլիներ խնայել թե ջուրը, թե էլեկտրաէներգիան:

Ըստ Պողոս Գեւորգյանի` խորհրդային տարիներին էլ խնդիրներ կային: Երբ 1985-86թթ.-ին ջերմոցները համարվեցին «անաշխատ եկամուտ», ադրբեջանցիներն ապամոնտաժված ջերմոցները տարան Ադրբեջան: Այժմ Ռուսաստանում մեխակի շուկան գրեթե ամբողջովին նրանցն է: Մինչդեռ տարիներ առաջ, նրա ասելով` մեխակը մեր երկրի պարծանքներից էր, որը մեծ պահանջարկ ուներ արտերկրում: Այժմ էլ, Պողոս Գեւորգյանի վստահեցմամբ` մեխակի եւ ընդհանրապես հայկական ծաղկի ու բնամթերքի պահանջարկը մեծ է: Սակայն արտադրանքի փոքր ծավալների պատճառով` հնարավոր չէ արտերկրում լուրջ համագործակցություն սկսել:

Լուրջ խնդիր է ջեռուցման հարցը: Պողոս Գեւորգյանը նշեց, որ Գյումրիի ջերմոցներից մեկը սնանկացավ, ողջ բերքն էլ ցրտահարվեց միայն այն պատճառով, որ ուշացրել էին գազի ամսավճարը, «Հայռուսգազարդ»-ն էլ անջատել էր գազամատակարարումը: Նա նշեց, որ խնդրի լուծման ուղղությամբ առաջարկել են գազի գնից հանել գոնե ԱԱՀ-ն: Սակայն ոչ մի արձագանք: Պողոս Գեւորգյանի ասելով` եթե գազի սագինը շարունակի բարձրանալ, մոտ ապագայում ջերմոցներ միգուցե էլ չունենանք:

Հայաստանում ջերմոցներ կան հիմնականում Արմավիրի եւ Արարատի մարզերում: Ջերմոցատերերի 60 տոկոսը զբաղվում է բանջարեղենի, իսկ մնացած մասը` ծաղիկներ մշակմամբ:Մշակում են հիմնականում պոմիդոր, վարունգ, կծու բիբար, ծաղիկներից էլ` գերբերա եւ լիլիա: Ի դեպ, եթե ջերմոցային 1 գերբերան արժե 50 դրամ, ապա մեխակն ավելի թանկ է` 100 դրամ: Պողոս Գեւորգյանը նշեց, որ այս տեսակների մշակումը ձեռնտու է, քանի որ դրանք մեծ բերքատվություն ունեն:

Ինչ վերաբերում է պոմիդորին, ապա ըստ նրա` հայկական սորտեր աճեցնելը շքեղություն է դարձել: Բանն այն է, որ նրա բերքատվությունը ցածր է, հետեւաբար` վաճառքի գներն էլ 10 անգամ ավելի բարձր, քան ասենք` ներմուծվող թուրքական պոմիդորինը: Նա տարօրինակ մի բացահայտում է արել` թուրքական պոմիդորները դեռ բավարար չէ, որ տեղականի անվան տակ են յուրացվում, նաեւ` վաճառվում են շատ ավելի ցածր գնով, քան ինքնարժեքն է: Ներմուծողի վրա 1 կգ պոմիդորը արժենում է 1277 դրամ, մինչդեռ մեծածախ շուկայում այն վաճառում են 950 դրամով: Պողոս Գեւորգյանի ասելով` առաջարկել են նաեւ Արարատյան դաշտավայրն «ազատել» ջերմոցներից, տեղափոխել սահմանամերձ եւ լեռնային գոտիներ` նպաստելով եւ բերքատվությանը, եւ աշխատատեղերի ստեղծմանը: Դարձյալ ոչ մի արձագանք: