Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Արդյո՞ք քննիչ հանձնաժողովը քննելու է ընդդիմության վնասակար ազդեցությունը վարակի հաղթահարման գործում» (տեսանյութ)

Ազգային ժողովում ստեղծվել է Կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նախաձեռնությունը, հիշեցնենք, երկու ընդդիմադիր խմբակցություններինն է, հանձնաժողովը ղեկավարելու է «Լուսավոր Հայաստանը»։

Խմբակցության ղեկավար, քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց, որ հանձնաժողովը ուսումնասիրելու  է կորոնավիրուսի տարածումը կանխելու, դրա դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Նախաձեռնողները առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ՝ 7 իշխանական խմբակցությունից, 3՝ ԲՀԿ-ից  և 2 անդամ՝ «Լուսավոր Հայաստան»-ից։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանձնաժողովը կքննարկի ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք, ըստ Նազարյանի, եղել են հակասական, իրարամերժ, ապակողմոնորոշող․

«Ընդդիմության կողմից ասվել է, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի սահմանը, հետո ասվել է, որ կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն, առաջարկել եք, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ պետք է դիմակ կրեք, ասվել է, որ անհրաժեշտ սահմանափակումները կարող են կիրառվել այլ իրավական ակտով, բայց դեմ եք քվեարկել կարանտին սահմանելու որոշմանը։ Երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, որից վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ, մարդկանց ազատել են աշխատանքից և պետությունից պահանջել սոցիալական աջակցություն տրամադրել»։

Նազարյանի հարցադրմանն ի պատասխան՝ Մարուքյանն արձագանքեց, թե հարցում արդեն կար խեղաթյուրված տեղեկատվություն և պարզաբանեց՝ ինչ նկատի ունի․

«Երբ ասվել է, որ Իտալիայի չվերթները դադարեցրեք, Իրանի սահմանը փակեք, դա հենց այն պահին պետք է արվեր, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ Հայաստանում չկային վարակակիրներ։ Այսօր, երբ ասվում է՝ սահմանները պետք է բացվեն, արդեն այլ իրավիճակ է»։

Մարուքյանը նշեց նաև՝ իրենք չեն ասել, որ խորհրդարանում չպետք է կրել դիմակ, այլ ասվել է, որ ԱԺ նախագահը չի կարող պատգամավորին հեռացնել նիստերի դահլիճից, եթե պատգամավորը դիմակ չի կրում։

Ինչ վերաբերում է ընդդիմության վնասակար ազդեցությանը, Մարուքյանն ասաց, թե իշխանական խմբակցությունն ունի մեծամասնություն հանձնաժողովում և կարող է ցանկացած հարց բերել օրակարգ։

Նազարյանն էլ խոստացավ հանձնաժողովական գործընկերներին տրամադրել ընդդիմության վնասակար գործունեության վերաբերյալ փաստեր։