Բացել լրահոսը Փակել լրահոսը
119075962_766080930847145_7259329597759493109_n
A A
Հարցազրույց Քաղաքականություն

«Մեր առաջնահերթությունն է դատաիրավական այնպիսի բարեփոխումը, որը թույլ կտա Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին վերադառնալ դատարան»

Հարցազրույց «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

- Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցը դատաիրավական ոլորտի բարեփոխումներն են։ Ինչո՞վ է պայմանավորված ձեր այդ համոզումը, արդյոք երկրում չկա՞ն լուծման կարիք ունեցող ավելի հրատապ խնդիրներ։

- Այո, հենց դատաիրավական ոլորտի բարեփոխումներն են Հայաստանի համար կարևորությամբ առաջին խնդիրը, և այդ մոտեցումն ունի ինստիտուցիոնալ հիմնավորում։ Մենք ձևավորել ենք լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություն, մինչդեռ իշխանության մյուս թևը՝ դատական համակարգը, ամբողջությամբ զուրկ է լեգիտիմությունից, բացարձակապես չի վայելում հասարակության վստահությունը, ավելին՝ դատական համակարգի ներկայացուցիչների զգալի մասը գտնվում է նախկին իշխանության, օլիգարխիայի ազդեցության տակ՝ անթաքույց սպասարկելով նրանց շահերը։ Ահա այս իրականության պայմաններում դատավորները, դատախազները կամ այլ պաշտոնյաներ չեն ընդդիմանալու այն կաստաներին, խմբերին, որոնք երկու տասնամյակից ավելի ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ ոտնձգությամբ, զանգվածային խախտումների միջոցով օժանդակել են ավտորիտար ռեժիմին՝ դառնալով ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ այդ ռեժիմի գործած բոլոր համակարգային հանցագործությունների հանցակիցը։

Գիտեք, որ ես հեղափոխությունից անմիջապես հետո՝ արդեն ավելի քան երկու տարի, խոսում եմ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին, որն անպայմանորեն պետք է վերաբերի նաև դատաիրավական համակարգին։ Շատ կարևոր է, թե որոնք պետք է լինեն այդ իրավաքաղաքական գնահատականի բաղադրիչները։ Ինչպես բազմիցս նշել եմ՝ առանց այդ համալիր իրավաքաղաքական գնահատականի ու դրանից բխող գործողությունների, կասկածի տակ է առնվելու հեղափոխության փաստն ինքնին, որովհետև եթե չիրականացվեն այդպիսի արմատական փոփոխություններ, հեղափոխությունն արժեզրկվելու է՝ դառնալով սոսկ իշխանության մեխանիկական փոփոխություն։ Հետևաբար, երկրի ապագայով մտահոգ բոլոր ուժերի ու անհատների անելիքը պետք է լինի ձևավորել իշխանություններին դատաիրավական բարեփոխումների իրականացումը պարտադրող օրակարգ, որի արդյունքում մենք կկարողանանք կազմավորել այնպիսի կառուցակարգեր, որոնց պայմաններում որևէ դատավոր չի հանդգնի ընդվզել ժողովրդավարական իշխանության մյուս ճյուղերի դեմ, այն, ինչը մենք հիմա տեսնում ենք գրեթե ամեն օր։ Եվ այդ օրակարգի ձևավորումը իմ ու իմ ներկայացրած քաղաքական ուժի՝ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության կարևորագույն առաջնահերթությունն է ու պահանջը՝ դատաիրավական ոլորտի այնպիսի բարեփոխումների իրականացում, որոնք, պատկերավոր ձևակերպմամբ, թույլ կտան Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին վերադառնալ դատարան։ Որովհետև այն, ինչի մասին նախորդ շաբաթ հայտարարեցին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները՝ չմասնակցել ֆարսի վերածված դատական նիստերին, իրականում դատաիրավական համակարգի խորքային ճգնաժամի արտահայտությունն է, այդ որոշումը պետք է ահազանգ ու սթափեցնող ազդակ դառնա առաջին հերթին իշխանության համար առ այն, որ այլևս այսպես շարունակել չի կարելի, որ այս պայմաններով գործող դատաիրավական համակարգն այլևս սպառնալիք է երկրին, հասարակությանն ու ժողովրդավարությանը։

 

- Բայց իշխանությունները հայտարարում են, որ իրենք իրականացնում են դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, օրինակ` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անընդհատ հիշատակում է դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը՝ հայտարարելով, որ իշխանություններն առաջ են շարժվում այդ հայեցակարգով։ Ի՞նչը Ձեզ չի գոհացնում իշխանության՝ բարեփոխումներին ուղղված աշխատանքում։

- Իրականում իշխանության ներկայացուցիչների, այդ թվում ու առաջին հերթին նույն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությունները այն մասին են, որ պետք չէ ակնկալել դատաիրավական համակարգի իրական, խորքային բարեփոխումներ։ Բադասյանն, օրինակ, գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է, որ դատական համակարգի բարեփոխում հնարավոր չէ, քանի որ դրան խանգարում է Սահմանադրությունը։ Այս թեզը որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա այնպիսի դրույթ, որը խոչընդոտում է դատական համակարգի բարեփոխմանը, այդ թվում՝ վեթինգի իրականացմանը։ Իսկ եթե մենք վեթինգ չենք իրականացնում, դատական համակարգի այս խայտառակ իրավիճակը շարունակվելու է, որովհետև այդ դեպքում համակարգում շարունակելու են պաշտոնավարել նաև այն դատավորները, որոնք խարան են դատական համակարգի համար, որոնք տասնյակ տարիներ կեղեքել և հարստահարել, ունեզրկել են ժողովրդին, բռնաբարել են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները ուղղակի կամ ակնարկներով հասկացնում են, թե այդ դատավորներից համակարգն ազատել հնարավոր չէ, քանի որ մեր եվրոպական գործընկերները մեզ չեն հասկանա կամ սխալ կհասկանան, ինչը դարձյալ կապ չունի իրականության հետ։ Ճիշտ հակառակը՝ այդ նույն եվրոպական գործընկերները բազմիցս հետաքրքրվել են, թե ի՞նչ հաջողություններ է Հայաստանն արձանագրել վեթինգի հարցում, որովհետև նրանց համար դժվար է անգամ պատկերացնել, որ դատական համակարգն արատավորած, հանցագործ դատավորները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվի, այլև կշարունակեն պաշտոնավարել դատական իշխանությունում։ Բոլոր այս գործոնները վկայում են, որ իշխանությունն իրականում ոչ թե դատական համակարգի բարեփոխումներ է իրականացնում, այլ զբաղված է դրանց իմիտացիայով, ինչի արդյունքում, փաստորեն, առնվազն իշխանության՝ իրավական քաղաքականության պատասխանատուները ձախողում են Հայաստանի վերջին 20 տարիների ժողովրդավարության և մարդու իրավունքների արատավորման, դրանց խախտման, ոչնչացման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչն ուղղակի անթույլատրելի է։

- Դուք հիշատակեցիք Մարտի 1-ի գործը՝ որպես դատական ոլորտում առկա իրավիճակի արտացոլում։ Բայց վերջին օրերին իշխանության շատ ներկայացուցիչներ ոչ ուղղակիորեն, այդուհանդերձ, մեղադրում են հենց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին՝ դատական գործընթացը խաթարելու համար։

- Իշխանության արձագանքը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների այդ որոշմանը, մեղմ ասած, անհամարժեք է, իսկ իրականում՝ անգամ ապաբարոյական, որովհետև մեղադրել զոհերի հարազատներին ու իրավահաջորդին նրա համար, որ նրանք բարձրաձայնում են դատական համակարգի խայտառակ վիճակի մասին, նշանակում է ընդհանրապես չտիրապետել իրերի դրությանն ու խնդիրների խորությանը։ Մարտի 1-ի գործը սովորական, շարքային դատական գործ չէ։ Այն պետության ու հասարակության արժանապատվության գործ է, որի պահանջատեր է, ըստ էության, ողջ հասարակությունը, և ոչ թե միայն Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները։ Բայց այդ մարդիկ միանգամայն իրավացիորեն այլևս չեն ցանկանում մաս կազմել այն ֆարսին, որը բեմադրվում է դատաիրավական համակարգի կողմից, նրանք չեն ցանկանում մասնակցել մի գործընթացի, որն ամբողջությամբ ծառայում է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի շահերին։ Եվ իշխանությունը, փոխանակ այս քայլն ընդունի որպես դատական համակարգում առկա իրավիճակի անթույլատրելիության մասին ահազանգ և համապատասխան հետևություններ ու գործողություններ կատարի, մեղադրում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։ Սա վառ վկայությունն է այն իրողության, որ, այո, դատաիրավական համակարգի բարեփոխումների իրենց կարևորությամբ Հայաստանի քաղաքական օրակարգի համար առաջին հարցն են։

- Իսկ ի՞նչ նշանակություն ունի դատաիրավական ոլորտի բարեփոխումների համատեքստում նոր Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացը, և ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ այդ բարեփոխումների վրա։

- Սահմանադրական դատարանն ուղղակի ազդեցություն ու առնչակցություն ունի դատաիրավական համակարգի բարեփոխումներին, քանի որ այն երկրում սահմանադրական արդարադատության ու ժողովրդավարության պաշտպանության առաքելություն ունեցող կարևորագույն ինստիտուտներից մեկն է։ Սահմանադրական դատարանն է ձևավորում այն միջավայրը, որում պետք է տեղի ունենան դատաիրավական ոլորտի բարեփոխումները։ Եվ այդ առումով ՍԴ-ի դատարանակազմության ներկայիս գործընթացը խիստ մտահոգիչ է ինչպես բուն Սահմանադրական դատարանի նոր կազմի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, դատաիրավական բարեփոխումների ապագայի առումով։ Որովհետև, եթե Աստված մի արասցե, առաջադրված թեկնածուները դառնան ՍԴ դատավորներ, ապա նրանք մի կողմից՝ հեղինակազրկելու են հենց Սահմանադրական դատարանը՝ իրականացնելով այն, ինչ անում էր Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն, մյուս կողմից՝ խոչընդոտ են դառնալու դատաիրավական բարեփոխումների ընթացքի համար։ ՍԴ դատավորի թեկնածուները, իրենց երևացող ու թաքնված կապերով, նախկինների հետ առնչակցություններով, գործելու են գրեթե նույն տրամաբանությամբ, ինչպես գործում էր հրայրթովմասյանական Սահմանադրական դատարանը։ Իսկ դա նշանակում է, որ այդ թեկնածուների ընտրությունը մեծագույն հարված կարող է հասցնել և՛ Սահմանադրական դատարանին, և՛ դատաիրավական բարեփոխումների գործընթացին։ Հենց այդ է պատճառը, որ ես՝ որպես ԱԺ պատգամավոր անում եմ և շարունակելու եմ անել առավելագույնը՝ այդ թեկնածուների ընտրությունը կանխելու համար։