Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների որոշումից շահելու է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը. պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանական թիմը, ըստ էության, զբաղված է իր դատավարական իրավունքների չարաշահմամբ, բայց չեմ հասկանում, թե Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները ինչ նպատակ ունեն»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների որոշմանը՝ չմասնակցել դատական նիստերին։
Պատգամավորը հարց է բարձրացնում՝ որքանո՞վ է այդ որոշումը բխում իրենց վստահորդների շահերից․
«Ես կարծում եմ, որ պետք է գնահատել ու հասկանալ՝ առկախումը ինչի է բերելու, արդյո՞ք վստահորդների շահերը ավելի պաշտպանված կլինեն, թե ոչ։ Ես այդպես չէի անի, որովհետև եթե սրանով գործընթացի լեգիտիմության վրա ստվեր նետվի, ո՞վ է դրանից շահելու, ես կարծում եմ, որ վստահաբար ոչ Մարտի 1-ի դատավարությունը կամ արդարության վերականգնման նպատակը, դրանից շահելու է ամբաստանյալ Քոչարյանը»։
Մեր դիտարկմանը, թե այս քայլով իրավահաջորդները և ներկայացուցիչները իրենց բողոքն են արտահայտում և մեսիջ են հղում իշխանության ներկայացուցիչներին, որ դատական համակարգում խնդիրներ կան, պատգամավորն արձագանքեց․
«Իշխանությունները հետևություններ անելու կարիք չունեն, իշխանությունները շատ սթափ գիտակցում են դատական համակարգի վիճակը և ըստ այդմ՝ անում են պահանջվող գործողությունները։ Գուցե տարբեր պատկերացումներ կան դատական համակարգը առողջացնելու վերաբերյալ, բայց մեզ նման գործողություններով մեսիջներ հղելու անհրաժեշտություն չկա»։
Պատգամավորը կարծում է՝ բավարար քայլեր արվում են դատական և իրավապահ համակարգը առողջացնելու ուղղությամբ, և դրա արդյունքները, վստահեցնում է, մոտ ապագայում կտեսնենք։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, որով վերջինս առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ, Ջուլհակյանն ասում է՝ կիսում է Ալեն Սիմոնյանի հիմնավորումնեը, քանի որ ներկայումս տեղեկատվական դաշտում կատարվողը ազատ խոսքի հետ որևէ աղերս չունի։