«Կուզես գրքի կազմին «հայ» գրի՛ր կամ մի՛գրիր, խնդիրն ավելի լուրջ է». ուսուցիչն ազատություն է ուզում
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կողմ եմ նորոգությանը, երբ ոչ թե քանդված ծեփն են ներկով պատում, այլ հին ծեփը քերում, նորն են ծեփում.ոչինչ,որ խոնավության հոտից մի քիչ տանջվում ես. չէ՞ որ հետո ամբողջ պատը նորոգված ես տեսնում...»,- Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի հայ գրականության և հայոց լեզվի ուսուցչուհի Վիկտորյա Աբաղյանն անդրադառնում է գրականության նոր չափորոշիչներին։
Նա կողմ է նորարություններին, բայց ընդգծում է՝ առաջնային խնդիր է համարում աշակերտին ընթերցասեր դարձնելը.
«Իմ կարծիքով`հիմնական դպրոցում աշակերտներին պետք է սովորեցնել ընթերցասիրություն.նշանակություն չունի`ուսուցանվող նյութը հա՞յ,թե՞ օտարազգի հեղինակի ստեղծագործություն է, կարևոր է համապատասխանի աշակերտի տարիքին...Պետք է արթնացնել սեր դեպի գրականությունը»։
Ուսուցչուհին ճիշտ է համարում Ոսկեդարի մատենագրությունն ուսումնասիրել ավագ դպրոցում. «Խորենացի,Նարեկացի,Քուչակ....Լուրջ ուսումնասիրման հեղինակներ են.աշակերտը պետք է արդեն ձևավորված արժեհամակարգ ունենա»։
Վիկտորյա Աբաղյանն ասում է՝ այս ոլորտում խնդիրն այն չէ՝ դասագրքերը կխորագրվեն գրականության, թե հայ գրականության.
«Միայն «հայ» բառի առկայությամբ չէ ,որ դաստիարակվում է հայ մարդը։ Հիմա ես հեռուստացույց եմ դիտում և հայ գրականություն ուսումնասիրած սերունդ եմ տեսնում.գո՞հ եմ....Ահավոր է.անդիմագիծ,անարժանապատիվ ...Այնպես որ, կուզես գրքի կազմին «հայ» գրի՛ր կամ մի՛գրիր ,խնդիրն ավելի լուրջ է....Հայոց հասարակության կրթության գործը միայն դպրոցի կամ դասագրքի խնդիրը չէ.դա պիտի համազգային խնդիր լինի....Բոլորը պիտի այդ գործով զբաղվեն`ընտանիք,մանկապարտեզ,դպրոց,հեռուստատեսություն....»,- ասում է ուսուցչուհին։
Երբ հանրային աղմուկ բարձրացավ հանրակրթության նոր չափորոշիչների ներկայացումից հետո՝ հայ գրականության չափորոշիչների հանձնաժողովի համակարգող Թամարա Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Աղմուկը պայմանավորված է նրանով, որ շատ ուսուցիչներ սովորել են տարիներ շարունակ աշխատել նույն ձևով, և հիմա պետք է նորից կարդան, ուսումնասիրեն, նոր ուսումնական պլաններ կազմեն, մշակումներ անեն, և հասկանալի է՝ ինչի են խառնված իրար»:
Ուսուցիչներն էլ պնդում են,որ ամեն տարի վերապատրաստվել են։ Վիկտորյա Աբաղյանն ասում է՝ փոփոխություններից առավել ազատություն է պետք ուսուցչին. «Լավ կլինի ուսուցչին տան ազատություն,չծանրաբեռնեն ավելորդ թղթաբանությամբ: Ինձ նոր մեթոդներ սովորեցնել պետք չէ. մեթոդը ծնվում է դասի ընթացքում»:
Բայց որ դասագրքերը պետք է փոխել, ուսուցչուհին կողմ է, միայն սեփական՝ 24 տարվա փորձով զգուշացնում է.
«Զգուշորեն պետք է ընտրել նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները...12-րդ դասարանի վերջին թեմաները մենք չենք էլ հասցնում ուսումնասիրել՝ Դավոյան, Դավթյան, Կապուտիկյան,Մ.Մարգարյան....էլ չեմ շարունակում։ Լավ է՞...Չեմ խոսում օտարագիր հայ հեղինակների և սփյուռքահայ գրողների մասին....Միայն անուններ են գրված դասագրքում....Ես միշտ դժգոհել եմ ավագ դպրոցի հայ գրականության հումանիտար հոսքի համար նախատեսված դասագրքերից»։
Հիշեցնենք, որ հանրակրթական ծրագրերի բովանդակությունը սահմանող նոր չափորոշիչները լայն քննարկումների առիթ են դարձել՝ ուղեկցվելով վիրավորական արտահայտություններով Պատասխանատուները ստիպված էին հայտարարել պատրաստ են ընդունել առաջարկություններ, սակայն առողջ ու վերանայել նախագիծը: