Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Եթե դու վաճառում ես նկարդ՝ դառնում է քո աշխատանքը, իսկ եթե նվիրում՝ հոբբի»

Հայրն էր, որ 9-ամյա դստեր առաջին նկարներից հասկացավ, որ նրան պետք է տանի նկարչական դպրոց։

10 տարի անց՝  Արփինե Ղազարյանը խոստովանում է, որ հայրն ավելի է հավատացել իրեն, քան սկզբնական շրջանում՝ ինքը։ Ասում է՝  առաջին նկարներն անհաջող էին.  նույնիսկ մտածել է՝ ոչինչ չի ստացվի ու մեղավորը... իր բնավորությունն է։

Արվեստը հանգստություն է սիրում, իսկ ինքն ավելի ակտիվ ու անհամբեր բնավորություն ուներ։  Հետո անհանգստությունն անցավ,երբ հասկացավ,որ սա հնարավորություն է՝  երազանքներն ու զգացումները թղթին հանձնելու։

 «Առաջին նկարս նվիրել եմ տատիս, բայց ասում են՝ եթե ուզում ես մնացած գործերդ վաճառվեն, պիտի առաջին գործդ վաճառես։  Ես համամիտ չէի ու չեմ փոշմանում։ Եթե դու վաճառում ես նկարդ, դառնում է քո աշխատանքը, իսկ եթե նվիրում ես՝ հոբբի։ Դե,վիճելի հարց է», -ասում է նա։

Մոսկվայում բնակվող, 19-ամյա հայ աղջիկը հիշում է  նկարչության  ուսուցչի առաջին խոսքերը. «Տոնածառի գույներով ես նկարել»։  Նեղսրտել էր, հետո  հասկացավ, որ քննադատությունն է օգնում կատարելագործվել։

«Յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում արվեստը ու գեղեցիկի տարբեր ընկալումներ ունի։ Ես հիմա դեկոր, արտ, գրաֆիկա եմ սիրում , որ ոչ բոլորն են հավանում, հասկանում, բայց դրանով ես հանգստանում եմ։ Չնայած դրան՝ ինչը անհասկանալի է, ավելի է հետաքրքիր»,-ասում է նա։

Անհատական ցուցահանդես դեռ չի կազմակերպել. Ասում է՝ բազմաթիվ նկարներ ունի, բայց անավարտ։ Որոշ ժամանակ անց կրկին վերադառնում եւ սկսում է աշխատել նույն նկարի վրա. «Նկարը նման է մարդուն, որ միշտ կատարյալին է ձգտում»։

Բայց նաեւ օրեր են եղել են , երբ Արփինեն որոշել է չնկարել ու ավելի «լուրջ մասնագիտություն» ընտրել, օրինակ՝ իրավաբանություն։   Բայց  հետո հասկացել է՝  իրեն  նկարելու շնորհ է տրվել, ու «պետք չէ այն կորցնել եւ Աստծուն բարկացնել»։