Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 1-ը սեպտեմբերի. Գեղամյանն իշխանություններին կոչ է անում դավեր չնյութել, վատ կլինի (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 1-ին Երեւանի առեւտրային կրպակներում ծխախոտ չկա։ Վաճառողներն իրենք են բոյկոտել ծխախոտի վաճառքը, չեն ուզում կիրառել ակցիզային դրոշմանիշներ։ Երեկոյան ծխախոտը վերադառնում է կրպակներ փոքր-ինչ թանկացած:

Նույն օրը Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրություններ են։ Արցախի նախկին նախագահ, Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը նույնպես մասնակցում է հարեւան հանրապետությունում տեղի ունեցող քվեարկությանը։ Ընթացքին հետեւում է 20 պետության 40 դիտորդ։

1997-ի նույն օրը ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից ղարաբաղաադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում սպանվում է 26-ամյա լեյտենանտ Վարդան Իսրայելյանը։

1998-ի սեպտեմբերի 1-ին սպանված քաղաքական գործիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի անունով է կոչվում Երեւանի 83-րդ դպրոցը ։ Բացմանը մասնակցում են նախկին ընդդիմադիրներ Դավիթ Վարդանյանը եւ Վազգեն Մանուկյանը:

Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Կասյա Աբգարյանը հերթական անգամ հանդիպում է լրագրողներին։

1998-ի այս օրը նա տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանը վերջապես կունենա մամուլի քարտուղար։ Դա կլինի հենց Կասյա Աբգարյանը։

1999-ի սեպտեմբերի 1-ին կառավարությունը Հայաստանի ուսուցիչներին մաղթում է առողջություն եւ վճարում հունիս-հուլիսի աշխատավարձերը։ Երկու ամսվա համար ընդհանուր գումարը 14 հազար դրամ է։ Ուսուցիչները խոստանում են չըմբոստանալ։

Նույն օրը Արտաշատում թատրոնի դիմաց բացվում են հայոց երկու արքաների արձանները։ Քաղաքապետարանը խոստանում է բացել եւս մեկ թագավորի՝ Արտաշեսի արձանը, որի անունով էլ կոչվում է Արտաշատը։

Վազգեն Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ կառավարության շենքի մոտ հայտարարվում է անժամկետ հացադուլ։ Այս կինն առեւտրային կրպակ ունի «Երիտասարդական» մետրոյի մոտ։ Քաղաքապետարանն առաջարկում է տեղափոխել կրպակը, իսկ ինքը չի ուզում։ Հացադուլավոր Ալվարդ Պողոսյանը տեղեկատվական պաստառի վրա գրել է՝ վարչապետ, լոմով քանդում են իմ ունեցվածքը, խնդրում եմ ինձ ընդունել 5 րոպեով։ Ընդունող չկա, բայց լսող կա։

Այսօրվանից փոխվում են հատուկ ծառայությունների հեռախոսահամարները եւ մտցվում է հանրապետական կոդերի հավաքման նոր կարգ։

Երկու սերնդի կինոգործիչների միջեւ կռիվ է ընկել։ Երիտասարդներն ուզում են Ռուսաստանից վերցնել «Կինոկենտրոնի» մեր բաժինը, ավագ սերունդն առաջարկում է չկտրել ռուսների հետ կապը՝ մեր կինոն նրանց միջոցով է դուրս գալիս միջազգային շուկա։ «Կինոկենտրոնի» բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Հայաստանին։ Նիկիտա Միխալկովը մեր կինոմիության նախագահին համոզել է իրենց տալ մեր բաժինը, ինչը Սերգեյ Իսրայելյանը մերժել է։ Ռուսներն սպառնում են այնտեղից ոչ մի կոպեկ չփոխանցել։

Լորիս Ճգնավորյանը մտադիր է սեպտեմբերի 4-ից Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել հոգեւոր երգերի ժամ նվիրված 132-րդ կաթողիկոսի ընտրությանը։ Ճգնավորյանն ուզում է, որ հայերն ավելի կապվեն իրենց եկեղեցուն։

2000 թվականի սեպտեմբերի 1-ն իսկական փորձանք դարձավ Երեւանի 31-րդ դպրոցի առաջին դասարանցիների համար։ Տնօրեն Լեւոն Ղազարյանի հրահանգով դպրոցում առաջին դասարան չի բացվի։ Ծնողները երկու օր առաջ են իմացել։ Պատճառն այն է, որ տնօրենը չի ուզում, որ այս դպրոցում գործի Վալդորֆյան մեթոդի առաջին դասարան՝ շատ է միստիկական այդ մեթոդը։

Արտաշես Գեղամյանը գավառական հաշվեհարդար է համարում Սամվել Բաբայանի նախկին տեղակալի այն ցուցմունքը, ըստ որի՝ վերջինս Բաբայանի հորդորով 345 հազար դոլար է փոխանցել «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին ընտրություններին մասնակցելու համար։ Գեղամյանն իշխանություններին կոչ է անում դավեր չնյութել, վատ կլինի:

2001-ի սեպտեմբերի 1-ի այս առաջին զանգը սոսկ ուսումնական տարվա մեկնարկի զանգ չէ։Այն խորհրդանշում է նաեւ 11-ամյա ուսուցման անցնելու մեկնարկը։ Այս երեխաները Մաշտոցի արձանի մոտ երդվում են պահպանել հայի նկարագիրը։

Էջմիածնի շրջանի Նորակերտ գյուղը դպրոց չունի։ Շենքը վնասվել է երկրաշարժի ժամանակ, որտեղ 2001-ի սեպտեմբերի 1-ին թութուն են չորացնում։ Իսկ դասերը մեկնարկում են:

Աբովյանցիներն ընդդիմության առաջնորդին խորհուրդ են տալիս չբավարարվել բարոյական ապտակներով, այլ հասնել Ազգային Ժողովի լուծարմանը ։ «Միասնություն» դաշինքը գոյություն չունի, թեպետ ՀԺԿ-ն հավատարիմ է դաշինքի ծրագրերին եւ նպատակներին:

2005-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը նշանակման 4-րդ ամսում հանդիպում է լրագրողների հետ եւ ասում. «Նախագահի մամուլի քարտուղարը պետք է խոսի այն ժամանակ, երբ որ կա դրա պատեհությունը»։ Պատեհությունը սահմանադրական փոփոխությունների փաթեթն էր, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր Ազգային Ժողովում։ «Դա քայլ առաջ է»,-Քոչարյանի տեսակետը փոխանցում է մամուլի քարտուղարը։

2009-ի այս օրերին Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից է հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումը։

2009-ի այս օրը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելում է պետական համալսարան, որտեղ հանդիպում է ուսանողների հետ։ Լրագրողների մուտքը մամուլի քարտուղարն անձամբ է խոչընդոտում: