Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. Հայաստանը՝ 100 տոկոսանոց կորուսյալ երկրների թվում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան որակավորման առաջին փուլի հանդիպումները:

Ինչպես արդեն նշել ենք, այս փուլում Հայաստանը ներկայացնող բոլոր երեք թիմերն էլ պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից: «Նոան» Ալմաթիում 1:4 հաշվով պարտվել է տեղի «Կայրաթին», «Ալաշկերտը» սեփական դաշտում զիջել է հյուսիսմակեդոնական «Ռենովային»՝ 0:1, իսկ Գյումրիի «Շիրակը» Բուխարեստում տանուլ է տվել տեղի «Ստյաուային»՝ 0:3: 

Այդպիսով, Եվրոպայի լիգայի արդեն 1-ին փուլում Հայաստանը զրկվեց իր բոլոր մասնակիցներից: Նման 100 տոկոսանոց կորուստներ կրեցին նաև Ֆինլանդիան, Իսլանդիան, Չեռնոգորիան, Կոսովոն, Լիխտենշտայնը: Մինչ այդ իրենց մասնակիցներին կորցրել էին նաև Անդորան ու Սան Մարինոն: 

Իսկ ահա Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլնն» արդեն իր երկրորդ արգելքն է հաղթահարել՝ սեփական դաշտում պարտության մատնելով Լյուքսեմբուրգի «Ունիոնին»՝ 2:0: Որակավորման 2-րդ փուլում ջիբրալթարցիներին կարող են բաժին հասնել այնպիսի գրանդ մրցակցիներ, ինչպիսիք են Լոնդոնի «Տոտենհեմը», իտալական «Միլանը», շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»:

Հավելենք, որ Հայաստանը դեռ մեկ մասնակից ունի Եվրոպայի լիգայում: Դա Երևանի «Արարատ-Արմենիան» է, որը չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 0:1 հաշվով պարտվել է Կիպրոսի «Օմոնիային» և տեղափոխվել Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլ: Մեր թիմի առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա օգոստոսի 31-ին նախատեսված վիճակահանությունից հետո: