Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga 27.08.
A A
Սպորտ

Լուրջ փորձություններ Հայաստանի ֆուտբոլային ակումբների համար

Հայաստանի 3 ֆուտբոլային ակումբները՝ Երևանի «Նոան», «Ալաշկերտը» և Գյումրիի «Շիրակը», այսօր կանցկացնեն Եվրոպայի լիգայի 2020-21թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի հանդիպումները:

Ընթացիկ մրցաշարում մեր թիմերին բավական լուրջ փորձություններ են սպասվում, քանի որ կորոնավիրուսի պատճառով այս փուլում ավանդույթի համաձայն հաղթողները որորշվելու են ոչ թե երկու, այլ մեկ խաղում: Դա, ինքնին, լրացուցիչ լարվածություն է հաղորդում այդ հանդիպումներին:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Ալմաթիում կհանդիպի Ղազախստանի արծաթե մեդալակիր «Կայրաթի» հետ: Սա մեր թիմի առաջին խաղն է եվրոգավաթներում, իսկ ահա դաշտի տերերն միջազգային մրցաշարերին մասնակցելու մեծ փորձ ունեն: Ղազախական ակումբն այսօր կանցկացնի իր թվով 37-րդ խաղը Եվրոպայում: Ալմաթցիները վերջին անգամ որակավորման առաջին փուլը չեն կարողացել հաղթահարել հեռավոր 2006 թվականին: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն այս խաղի ընդգծված ֆավորիտ են համարում հենց «Կայրաթին»:

Հայաստանի բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի «Ռենովային», որը երկրի անցած առաջնության դադարեցման պահին 4-րդ տեղն է զբաղեցնելիս եղել: Թիմն այնքան էլ հաջող չի հանդես գալիս եվրոպական գավաթներում: «Ռենովան» միայն մեկ անգամ է կարողացել հաղթահարել առաջին փուլի արգելքը, այն էլ ութ տարի առաջ, երբ մակեդոնական ակումբին մրցակից էր բաժին հասել Սան Մարինոյի «Լիբերտասը»: Ըստ մասնագետների այս խաղի ֆավորիտը «Ալաշկերտն» է:

Հայաստանի նախորդ առաջնության 4-րդ թիմը՝ Գյումրիի «Շիրակը», Բուխարեստում կմրցի եվրոպական գավաթների ամենափորձառու ակումբներից մեկի՝ «Ստյաուայի» հետ, որն այժմ կրում է ՖԿՍԲ հապավումը: Այսօր «աստղերը» կանցկացնեն իրենց 328-րդ հանդիպումը Եվրոպայում:

Նախորդ խաղարկությունում «Ստյաուան» հանդիպել էր Երևանի «Ալաշկերտի» հետ և հաղթել երկու խաղերի արդյունքներով՝ 3:0, 2:3: Ռումինական ակումբը եվրոգավաթներում վերջին անգամ առաջին փուլի արգելքը չի կարողացել հաղթահարել հեռավոր 1986 թվականին, երբ դրանից առաջ տիրել էր եվրոպական չեմպիոնների գավաթին, եզրափակիչում հաղթելով «Բարսելոնային»: Բուքմեյքերները, կարելի է ասել, ոչ մի շանս չեն տալիս «Շիրակին»՝ 26,00 գործակից հաղթանակի համար:

Հավելենք, որ այդ խաղերը կկայանան Երևանի ժամանակով 18:00-ին, 20:00-ին, 22:30-ին և կցուցադրվեն տարբեր հեռուստաալիքներով: