Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» նախկին մրցակիցը հաղթեց նաև չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան որակավորման 2-րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին մի քանի անակնկալ արդյունքներ:

Նիկոսիայի «Օմոնիան», որը առաջին փուլում պայքարից դուրս էր թողել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային», Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 2:0 հաշվով հաղթեց տեղի «Լեգիային»: Կիպրոսցիները, ինչպես և Երևանում, գոլերը խփեցին միայն լրացուցիչ ժամանակում:

Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկը» սեփական դաշտում անսպասելի պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին»՝ 1:2, որն ամբողջ խաղի ընթացքում ընդամենը 4 հարված է կատարել շոտլանդացիների դարպասին, որից երկուսը հասել են նպատակին:

«Տան պատերը» չօգնեցին նաև Լիտվայի «Սուդուվային», Սլովենիայի «Ցալյեին», Բուլղարիայի «Լուդոգորեցին», Խորվաթիայի «Լոկոմոտիվին», Ալբանիայի «Տիրանային», որոնք սեփական դաշտում զիջեցին Իսրայելի «Մաքաբիին» (0:3), Նորվեգիայի «Մոլդեին» (1:2), Դանիայի «Միտյուլանդին» (0:1), Ավստրիայի «Ռապիդին» (0:1) և Սերբիայի «Ցրվենա Զվեզդային» (0:1): Իր հարկի տակ սայթաքեց նաև Ռումինիայի չեմպիոն «Կլուժը», որը, սակայն, Խորվաթիայի «Դինամոյին» պարտվեց 11մ հարվածներով՝ 2:2, 11մ՝ 5:6:

Հունաստանի ՊԱՕԿ-ը, Նիդեռլանդների ԱԶ «Ալկմարը», Բրեստի «Դինամոն», Շվեյցարիայի «Յանգ Բոյզը» և Ադրբեջանի «Քարաբաղը» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքն հաղթահարեցին արդեն սեփական հարկի տակ:

Երրորդ փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 15-16-ին: Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին: