Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր Հասարակություն

Ո՛չ շտապօգնության, ո՛չ հրշեջ մեքենաները փողոց մտնել չեն կարողանում․ Աշտարակի բնակիչն ահազանգում է

Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 107-129 շենքերի միջև ընկած հատվածը անմխիթար վիճակում է, անցանելի չէ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ահազանգում է թաղամասի բնակիչներից Յուրա Թորոսյանը՝ հավելելով նաև, որ դիմել են և՛ վարչապետին, և՛ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին, և՛ մարզպետարանին և՛ քաղաքապետարանին, բոլոր տեղերից ստացել են նույնաբովանդակ պատասխան, թե առաջիկայում փողոցը կբարեկարգվի. մինչ օրս, սակայն, գործնական որևէ քայլ չեն տեսել

«Մեր փողոցը մի 250-300 մետր երկարություն ունի, մի քանի տարի առաջ ջրագիծը փոխեցին, փողոցը, որը Սովետի ժամանակից ի վեր ասֆալտ չէր տեսել, այդ ջրագծերի փոփոխությունից հետո ավելի շատ քանդվեց, ոչ մի բան չարեցին, հետո 2018-ի հունիսին գրեցինք վարչապետին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, ԱԻ նախարարին, ստացանք պատասխան, թե ամենաշատը մեկ տարվա ընթացքում փողոցը կվերականգնվի»։

Բնակիչն ասում է՝ չնայած խոստմանը՝  2018 թվականից ի վեր փողոցը նույն վիճակում է։ Թորոսյանը մտահոգություն է հայտնում, որ  տարածքում ո՛չ շտապօգնության, ո՛չ հրշեջ մեքենաներ մտնել չեն կարողանում

«Թաղամասում 4-5 հաշմանդամություն ունեցող հիվանդ մարդիկ կան, երբ նախկին իշխանության օրոք ասում էինք՝ փողոցը վերանորոգել է պետք, ասում էին՝ այդտեղ ընտրող չկա, ինչ վերանորոգենք»։

«Ա1-ը կապ հաստատեց նաև Աշտարակի քաղաքապետարանի հետ։ Փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը նշեց, որ փողոցի վերանորոգում պլանավորված է, բայց ոչ թե այս, այլ մյուս տարի․

«Այդ փողոցը ասֆալտապատման ենթակա չէ, պետք է հատուկ սալիկապատել, որպեսզի ձմռանն էլ այդտեղով մեքենաներ կարողանան բարձրանալ, իջնել, այսինքն՝ հատուկ լուծում է պահանջում»,-ասաց նա։