Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Պաշտոնական

Նախատեսվում է մեկնարկել «Տեղական սորտերի վիրուսազերծ շտեմարանի ստեղծում» ծրագիրը

Ս․թ․ օգոստոսի 20-ին, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը ստորագրեցին հուշագիր, որով մեկնարկում են խաղողագինեգործական մի շարք ծրագրեր։

Մասնավորապես, սույն հուշագրով նախատեսվում է մեկնարկել «Տեղական սորտերի վիրուսազերծ շտեմարանի ստեղծում» ծրագիրը, որի կարևորագույն նպատակն է հայտնաբերել և ուսումնասիրել Հայաստանում առկա և տարածված խաղողի վազերի, դրանցից ստացվող բերքի և պատվաստանյութի վրա բացասական ազդեցություն ունեցող վիրուսները, ապա լաբարատոր պայմաններում իրականացնել հայկական խաղողի տեխնիկական և սեղանի սորտերի վիրուսազերծ բուսակների բազմացումն «Ին վիտրո» եղանակով։ Սույն ծրագրի միջոցով հիմք կդրվի հայկական տեխնիկական սորտերի վիրուսազերծ տնկանյութերի արտադրությանը և դրանց գենետիկական ռեսուրսների բազմազանության պահպանմանը։

Հուշագրի շրջանակներում կիրականացվի նաև ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի կարողությունների հզորացումը և ադապտացիոն սենյակի վերազինումը, որտեղ կբազմացվեն վիրուսազերծ բուսակները։ 

 

 

ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը: