Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled4
A A
Հասարակություն

«Հորդորում ենք կառավարությանը վերացնի Ամուլսարում տիրող սադրանքը, որպեսզի ավելի մեծ բախումներ չլինեն» (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարարության հարակից այգում Ամուսլարի շահագործման դեմ պայքարողները լուռ ակցիա իրականացրին, ինչպես իրենք ասացին՝ ի նշան Կառավարության լռության։ Ակցիայից հետո մասնակիցները ծափերով ազդարարեցին լուռ ակցիայի ավարտը:

Ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը  տեղեկացրեց՝   երբ իրենք ավոտերթով շարժվելիս են եղել դեպի Երևան, նրա խոսքով՝ սադրիչ պահնորդները ճամփեզրին կայանած իրենց մեքենաները ձեռքով հանել ու շպրտել են՝ այսպիսով հրահրելով բախում` պոստում կանգնած քաղաքացիների հետ․

«Մեր բնակիչներից մի քանի հոգու հարվածել են: Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են այնտեղ: Իրենք սա նախատեսել են անել այնպես, որ մենք ճանապարհի կեսից հետ դառնայինք, ու այստեղ ակցիա չլիներ, բայց իրենք սխալ են հաշվարկել, որովհետև Ջերմուկում այնքան մարդ կա Ամուլսարի կողքին կանգնած, որ մենք այստեղ ենք, իրենք էլի այնտեղ են»,- ասաց նա:

Բունիաթյանը հիշեցրեց՝ իրենք երկու կարճաժամկետ պահանջ էին առաջ քաշել, որից մեկը կատարվել է՝ վագոն-տնակները հետ են տարվել, հաջորդը այդ պահնորդներին Ամուլսարի տարածքից հեռացնելու պահանջն էր, որը դեռ չի կատարվել, ինչն էլ, ըստ ակտիվիստի, հանգեցրել է նման միջադեպի․

 «Հիմա չեմ էլ ուզում պատկերացնել, եթե մենք ավտոերթով հետ գնանք ու այնտեղ տեսնենք այդ սադրանքը, ինչպիսի բախում է լինելու: Հորդորում եմ պատկան մարմիններին, կառավարությանը մինչև բնակչության հետ դառնալը միջոց ձեռնարկել այդ սադրանքը վերացնելու համար, եթե իրենց նպատակը այն չէ, որ Ամուլսարում բախումներ լինեն»,- շեշտեց նա:

Բունիաթյանը  ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պահանջը ՇՄԱԳ-ի և Ամուսլարում մետաղական հանքաարդյունաբերության թույլտվությունը չեղարկելն է․

 «Մենք թույլ չենք տալու հոշոտել Ամուլսարը: Կոչ ենք անում, որ մեզ ականջալուր լինեն, այլապես այսօրվա ավտոերթը սկիզբ կլինի հետագա խաղաղ անհնազանդությունների»,- ասաց նա:

Ակտիվիստները հայտարարեցին, որ այս ակցիան իրենց գործողությունների կուլմինացիան էր, եթե Կառավարությունը մինչ սեպտեմբեր քայլեր չձեռնարկի, իրենք կդիմեն այլ միջոցների, թե որոնք կլինեն դրանք, չհստակեցրին։

Հիշեցնենք՝ ակցիան մեկնարկել էր այսօր Օպերայի հարակից տարածքում, տեղի ակտիվիստներին ավտոերթով միացել էին նաև ջերմուկցիները, ովքեր քայլերոթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն, ապա նաև Շրջակա միջավայրի նախարարության հարկից հատված։