Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

«Վան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է արել

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ Չարենցավանի «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն ակումբի ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ:  

«Հարգելի երկրպագուներ,

երեկ տեղի ունեցավ ՀՖՖ հերթական գործկոմի նիստը, որտեղ հաստատվեց ՖԱ «Վանի» հանդես գալը Բարձրագույն խմբում, ինչի համար բոլորս երջանիկ ենք։ Մենք սպասում էինք այս օրվան, որպեսզի կարողանանք կատարել մեր պլանավորած գործերը։ Ուրախ ենք լինելու Բարձրագույն խմբի ընտանիքի անդամ և, իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդ և պատասխանատու ճանապարհ է մեզ սպասվում։ 

 

Այդ կապակցությամբ ես՝ որպես ակումբի փոխնախագահ և գլխավոր մարզիչ, հանդիպել եմ ակումբի հովանավորների հետ և որոշում եմ կայացրել, որ այսուհետ ՖԱ «Վանի» գլխավոր մարզչի պարտականությունները պետք է կատարի Սևադա Արզումանյանը, իսկ ես կզբաղեցնեմ ակումբի փոխնախագահի պաշտոնը։Մենք հասկանում ենք, որ առաջին տարին կարևոր և բավականին բարդ է լինելու մեզ համար, և որպեսզի թե՛ մարզչական, թե՛ կազմակերպչական բնագավառը չտուժի, այդպիսի որոշում ենք կայացրել։ Դա իմ անձնական որոշումն  է եղել։ Ես վստահ եմ, որ դա ճիշտ որոշում է, քանի որ մենք թիմը վստահել ենք փորձառու և, իմ կարծիքով, լավագույն մասնագետներից մեկին, ում հետ ես ինքս մեծ ճանապարհ եմ անցել և մեծ նվաճումների հասել։

 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին, ադմինիստրատիվ կազմին և, իհարկե, ֆուտբոլիստներին այս մեկ տարվա աշխատանքի համար, որը, կարծում եմ, տեսանելի է ամբողջ հանրության համար։ Վստահ եմ, որ ապագայում կունենանք հաջողություններ, կունենանք մարտունակ թիմ և կկատարենք ղեկավարության կողմից ներկայացված առաջադրանքները։

Այս պահին մենք լայնածավալ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի Բարձրագույն խմբին համապատասխան ունենանք թե՛ ենթակառուցվածք, թե՛ ֆուտբոլիստներ։ Այդ պատճառով մեր թիմում եղել են փոփոխություններ: Սա չի նշանակում, որ ես դադարում եմ մարզչական աշխատանքով զբաղվել, ուղղակի այս պահին ամենակարևորը դա ակումբի հաջողությունն է, ուստի այսպիսի որոշում է կայացվել և վստահ եմ սա լավագույն ու ճիշտ որոշումն է։

Շնորհակալություն»: