Նախարարությանը հրահանգ է տրվել. Հաջորդ տարի Սեւանը չպիտի կանաչի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2018 թվականից Սևանը «ներկայանում է» նոր գույնով՝ ամռան այս ամիսներին այն կանաչում է։ Պատճառը սնուցիչ նյութերի ավելցուկն է, որը խաթարել է լճի էկոհամակարգի բնականոն ընթացքը։ Ծաղկման պրոցեսը տևում է մի քանի շաբաթ, որի ընթացքում ակտիվանում են կապտականաչ ջրիմուռները։ Այս պրոցեսը առաջին հերթին խոսում է ջրի որակի անկման մասին։
Այս տարի պրոցեսը սկսվել է հուլիսի 19-ից, այսօր արդեն կանաչած տարածքներ կան միայն Մեծ Սևանում, սակայն պրոցեսը ամենևին էլ չի ավարտվել։ Ակտիվացած ջրիմուռներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաև ջրի հատակին։
«Կանաչման պրոցեսը առաջին հերթին անդրադառնում է խեցգետինների, ձկների, ինչպես նաև լողորդների վրա՝ առաջացնելով մի շարք հիվանդություններ ու թունավորումներ»,- ասում է «Հիդրոլոգիայի և ձկնաբուծության» ինստիտուտի տնօրեն Էլվինա Ղուկասյանը։
Լճի ծաղկման և ջրի որակի անկման պատճառները նոր չեն՝ ջրի մակարդակի իջեցում, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսք, ձկան կենսազանգվածի կրճատում, ճահճապատ տարածքների ավելացում, ջերմաստիճանի բարձրացում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Գայանե Շահնազարյանը լճի այսօրվա վիճակը նկարագրում է այսպես. «Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, սակայն լավ էլ չէ։ Չնայած եղանակային սառը պայմանները մեր օգտին են, սակայն միայն բնության վրա հույս դնել՝ սպասելով, որ լիճն ինքն իրեն կբուժվի պետք չէ»։
Կառավարությունը Շրջակա միջավայրի նախարարությանը խիստ հրահանգ է տրել՝ անել ամեն ինչ, որպեսզի եկող տարի կանաչման պրոցեսներ չլինեն։
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը Սեւանում հրավիրված ասուլիսում ընդգծում է ռազմավարական երեք կարևոր ուղություն՝ Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում, Սևանի ջրհավաք ավազանի աղտոտված հուների մաքրման աշխատանքների իրականացում, ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիա։
«Առաջնային կատարվում է ափամերձ անտառաշերտերի մաքրման աշխատանքներ, որոնց ծավալներն աննախադեպ է։ Այս տարի մաքրվել է շուրջ 200 հա, նախորդ տարվա հարյուրի փոխարեն։ Երկրորդ հատկանշական լուծումը ձկնորսության իրականացումն է։ Մինչև հոկտեմբերի մեկը թույլատրվելու է իրականացնել շուրջ 200 տոննա սիգի արդյունաբերական որս։ Դրան զուգահեռ՝ այս տարի լիճ է բաց թողնվել 300 հազար իշխանի գեղարքունի տեսակի մանրաձուկ»,-ասում է նա։
Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացնում է նաև ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքներ։ Ապամոնտաժման են ենթակա շուրջ 1700 շենք-շինություն, որից պետական կամ համայնքային են 32-ը։
Նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը հավելում է. «Էկոհամակարգի հավասարակշռության վերականգման և պահպանման ՝մասնավորապես կայանների կառուցման և ապամոնտաժման աշխատանքների համար, բացի պետության հովանավորությունից, աշխատանքների իրականացմանը 5 միլիոն եվրո գումար էլ հատկացրել է ԵՄ-ն»։
Սևանա լճի հիմնախնդիրների լուծման հիմքը շարունակում է մնալ ջրի մակարդակի բարձրացումը։ Լճից ջրի բացթողման ծավալները հասցված են նվազագույնի, իսկ Արփա-Սևան թունելով տեղափոխվող ջրի ծավալը զգալիորեն ավելացել է։ Նախորդ տարի լճից բաց է թողնվել 50 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր՝ ի համեմատ նախորդ հինգ տարիների։
Օրենքով սահմանված է ամենամյա մինչև 170 մլն խորանարդ ջրառի շեմը։