Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կրթությունն այն ոլորտը չէ, ով իշխանությունը գա, իր նախասիրություններով փոփոխություն անի. ակադեմիկոս (տեսանյութ)

Անընդունելի  և լիովին չարդարացված է այն փաստը, որ  մի կողմ են դրվել «Հայոց պատմություն» առարկայի հայրենական դասավանդման փորձն ու ծրագրերը,- ասում է  ԳԱԱ պատմության ինստիտիուտի տնօրեն, ,  ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

«Ինքնին մոտեցումը շատ արտառոց է և անընդունելի։ Մեր նախարարությունը անհասկանալիորեն ուղղակի վերցրել և մի կողմ է դրել մեր երկրում գործող դասագրքերը։ Կրթությունն այն ոլորտը չէ, ով իշխանությունը գա, իր նախասիրություններով փոփոխություն անի։ Կրթությունը որբի գլուխ չի, որ եկող գնացողը վարսավիրություն սովորի այդ գլխի վրա»,- նշում է  նա։

Ակադեմիկոսը համարում է, որ hեղափոխական կտրուկ փոփոխություններ այս բնագավառում պետք չեն եւ անհրաժեշտ էր  նախօրոք խորհրդակցել մասնագետների հետ, ինչը չի արվել։

Ըստ նրա՝ ժամանակագրական մեծածավալ բացթողումներ ու խառնաշփոթ կա՝ ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների ծրագրերում, ինչը կարող է ազդել աշակերտի տրամաբանություն զարգացման վրա.

«Շատ ավելի տխուր է վիճակն ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում, որը կարելի է բնորոշել իբրև ժամանակագրական չհիմնավորված քաոս։ Շատ ավելի մեծ պետք է լինի աշակերտի զարմանքը, որը 11-րդ դասարանում 10-րդ դասարանի բացթողումները լրացնելուց և 20-րդ դարավերջին անկախության վերականգնումով մերօրյա Հայաստանի Հանրապետությունը ուսումնասիրելուց հետո 12-րդ դասարանում կրկին վերադարձ պետք է կատարի, այս անգամ՝ խորհրդահայ հասարակություն»,- ասում է նա։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը քննարկել է  եւ ներկայացրել է դիտարկումները ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների  վերաբերյալ։

Ըստ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի՝ 12-րդ դասարանի թեմաների ընտրությունը միանգամայն անհասկանալի են  և չպատճառաբանված։

Մասնագետների խոսքով՝  առնվազն 2500 տարվա պատմություն մի կողմ է դրվել, ինչը ևս ըստ նրանց ոչ մի ձևով արդարացված չի։

Ամբիոնը գտնում է, որ ներկայացված ծրագիրը ենթակա չէ կոսմետիկ շտկումների ու խմբագրման։

Պրոֆեսորի խոսքով՝ այն պետք է լիովին մերժել և ստեղծել նորը՝ Հայոց պատմությամբ զբաղվող գիտաուսումնական հաստատությունների երաշխավորած մասնագետների մասնակցությամբ։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն իր անվարձահատույց ծառայությունն է առաջարկում այդ աշխատանքներին։