Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բերդի հիվանդանոցում «պատերազմող» ուսանող-բժիշկը

 Ամեն ինչ սկսվել է նրանից, որ կորոնավիրուսով վարակված  68-ամյա Մարիա Սուլախյանը մի բաժակ սուրճ է խնդրել բուժակից։

«Մարիա տատիկը վերակենդանացման բաժանմունքում չէր, համեմատաբար լավ վիճակում էր։ Ասաց՝ սուրճի  կարիք ունի, ես էլ էդ պահին հիշեցի իմ տատի հաճախ հնչող  «մի հատ կոֆե դիր»-ը ու միանգամից անցա գործի։ Տատիկի ուրախությունն ամեն ինչ արժեր․ անընդհատ լարված նույն աշխատանքն անելու ընթացքում իսկապես նման ջերմության պահանջ ես զգում»,- «Ա1+»-ի հետ զրույցում հիշում է     բժշկական համալսարանի  ուսանող Գուրգեն Պողոսյանը, որն արդեն երկու ամիս է Հայաստանի տարբեր հիվանդանոցներում  միացել է  կորոնավիրուսի դեմ պայքարին

Մի բաժակ սուրճը  հիմք դրեց անսպասելի բարեկամության.  տիկին Մարիան վերապրոֆիլավորված «Այրվածքաբանության ազգային կենտրոն»֊-ում  դարձավ «Գուրգենի Սուլախյանը», որի Գուրգենի մասին ամեն երկրորդ խոսքը «արտակարգ բժիշկ» արտահայտությունն է։

 «Տատիկն արդեն ապաքինվել է, տուն վերադարձել, տեսազանգով զրուցեցինք, սկզբում ինձ չճանաչեց. բժշկական համազգեստով չէի»,- պատմում է Գուրգենն արդեն Բերդից։ Նա այստեղ է  գործուղվել՝  օգնելու տեղի բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Ես միայն տեսնում եմ ծանր կլինիկական ընթացքով հիվանդների, իմ գործը իրենց հետ է, և իմ տեսածի հիման վրա ասում եմ, որ սա իսկապես ծանր վիրուսային վարակ է»,-ընդգծում  է Գուրգենը, որն  աշխատում  է  վերակենդանդանացման բաժանմունքներում։

Հոգնա՞ծ է․ ասում է՝   ոչ․ հոգնած էլ լիներ՝ չէր ասելու։

«Համազգեստը հագար, վերջ, մոռանում ես ամեն ինչի մասին. չես ուտում, չես խմում մինչև հանելը։ Համազգեստով շփվում ենք հիվանդների հետ շատ մոտիկից, հետո համազգեստը փոխելիս պիտի զգույշ լինենք։  Հիգիենայի կանոնները պահելու դեպքում՝  հիվանդից վարակվելու հավանականությունը շատ քիչ է»,-նշում է  նա՝  ակամա խոստովանալով, որ օրեր են լինում, 7-8 ժամ  ջուր  չեն  խմում։

Բուժումից զատ հիվանդներին հոգեբանական աջակցություն է պետք ցուցաբերել, հատկապես տարեցներին, որոնք երբեմն հրաժարվում են դեղորայքից.

 «Ստիպված ենք լինում համոզել, չունենք դրա ժամանակը, բայց դա էլ ենք անում։ Կա նաև հոգեբանական ճնշվածություն, դեպրեսիոն վիճակ, որի ժամանակ հիվանդին հատուկ վերաբերմունք է պետք»։

Ուսանող է  Գուրգենը, բայց հստակ  գիտակցում է՝ ինչպես օգնել հիվանդին.  «Սիրել պացիենտին և պայքարել «ի գործ» կարգախոսով»։

 Ասում է՝ ինչքան էլ շատ լինեն հիվանդները, չպետք է մոռանալ  անհատական վերաբերմունքի մասին։ Հատկապես այս վարակի պայմաններում, երբ հիվանդը հարազատների խնամք չի ստանում, հոգատարության պակաս և կարիք ավելի շատ ունի։

Իսկ բժիշկն էլ ունի հանրության աջակցության կարիքը, որը հիմա նվազել է.  «Սկզբում ծափահարում էին, ողջունում, գնահատում էին մեզ, հետո սկսեցին խոսել, որ բուժող դեղեր գոյություն չունեն և իրենց ներկայիս անկարգապահ վարքագծով իսկապես վիրավորում են մեր քսանչորսժամյա աշխատանքը»։

Նա հասկանում է ավանդույթների կարեւորությունը, սակայն կուզենար, որ հանրությունն իր վարքագծով պատճառ չդառնար հիվանդների թվի ավելացման, օրինակ չկազմակերպեին մասսայական  միջոցառումներ։

«Մենք այստեղ պայքարում ենք ամեն հիվանդի համար, դրսում մարդիկ իրենց վարքագծով ավելացնում են հիվանդների թիվը։ Սա իսկապես հիասթափեցնող է։ Փորձը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չի կարող ապրել համաճարակային սահմանափակ պայմաններում։ Սահմանի պատերազմը թողած՝ հիվանդանոցում ենք պատերազմում, կարելի է գոնե կարգապահություն դրսևորել»,-ասաց նա։

Բերդում աշխատանքը ավելի լարված է, քանի որ մի կողմում ադրբեջանական սադրիչ   գործողություններն են, իսկ մյուսում ՝ չնահանջող կորոնավիրուսը։

Գուրգենը և մյուս բոլոր բուժաշխատողներն ուզում են  հնարավորինս շուտ վերադառնալ  նախկին կյանքին։  Շատերին է կարոտել  Երևանում, հատկապես մի հոգու բոլորից  շա՜տ է, բայց  որի անունը չի ասում։

Ի դեպ, բուժառուների մասին խոսելիս՝   Գուրգենն առանձնացնում է Հովսեփ պապին, որն «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի  վերակենդանացման բաժանմունքի «ամենաառողջ հիվանդն» էր։

Օգնել է բժիշկներին՝ հիվանդներին հորդորելով իրենց պինդ պահել և մյուսներին «տիրություն է արել» մայրապետների բացակայության ընթացքում։

«Մենք ավելի հանգիստ էինք լինում, գիտեինք, որ եթե լուրջ դեպք լինի, Հովսեփ պապը մեզ շուտ կկանչի»,-ասում է Գուրգենը։

Հովսեփ պապը առողջացել է և դուրս գրվելուց առաջ խոստացել է խորոված պատիվ տալ բժիշկներին կորոնավիրուսի համաճարակի ավարտվից հետո։