Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» հյուրընկալվելիս ջախջախեց «Բրեշիային», Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 32-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթեց «Բրեշիային»:

Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում: 48-րդ րոպեին հյուրերի արգենտինացի պաշտպան Ֆասիոն բացեց հաշիվը, իսկ 62-ին խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը կրկնապատկեց այն: Խաղավարտից 16 րոպե առաջ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն հուժկու հարվածով երրորդ անգամ գրավեց դաշտի տերերի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 54 միավոր և միայնակ զբաղեցրեց 5-րդ տեղը: «Բրեշիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և այժմ 21 միավորով գտնվում է նախավերջին 19-րդ հորիզոնականում:

«Ռոմայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց այս հանդիպումը, քանի որ որակազրկվել էր հինգ դեղին քարտ ստանալու պատճառով:

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի հուլիսի 15-ին: Այս օրը հռոմեացիները սեփական դաշտում կընդունեն իրենց հետապնդող «Վերոնային»: