Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

1:4 հաշվով պարտվելուց հետո հաղթելը մեծ արժեք ունի. Իգոր Պիկուշյակ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումների արձանագրություններում որպես Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ նշվում է Վադիմ Բորեցը, սակայն իրականում այդ պարտականությունները կատարում է մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշյակը, որը դեռ չոնի PRO կարգի մարզչական արտոնագիր և ստիպված գրանցվում է որպես մարզիչ: 

Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղից հետո, որն ավարտվեց նոացիների ֆանտաստիկ հաղթանակով (5:5, 11մ՝ 7:6), «Ա1+»-ը զրուցեց հենց Իգոր Պիկուշյակի հետ:

«Բավականին դիտարժան, գոլառատ խաղ ստացվեց: Այսօր, իրոք, երկու ուժեղ թիմեր  հանդիպեցին իրար հետ: Իսկ 11մ հարվածաշարը, ինչպես ասում են, արդեն վիճակախաղ է: Մենք ավելի ուժեղ գտնվեցինք այդ հարցում: Ինքնին, 1:4 հաշվով պարտվելուց հետո հաղթելը մեծ արժեք ունի: 

Առաջին խաղակեսից հետո մի փոքր փոխեցինք մարտավարությունը, տղաներին ասացինք, որ խաղադաշտի կենտրոնը մոռանան և անընդհատ երկար փոխանցումներով գրոհեն: Գովեստի է արժանի նաև «Արարատ-Արմենիան», որն առաջին խաղակեսը շատ որակով անցկացրեց և չորս գոլ խփեց: Շատ լավ թիմ է: 

Չնայած ոգևորությանը, մենք լրջորեն ենք պատրաստվելու առաջնության վերջին խաղին, որում որոշվելու է չեմպիոնության հարցը: Բանականաբար, հոգեբանական առավելություն ունենք «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, բայց չեմ կարծում, որ արարատցիները հեշտությամբ կզիջեն չեմպիոնությունը: Մենք խաղալու ենք միմիայն հաղթանակի համար», - ասաց Իգոր Պիկուշյակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունելու է «Նոային»: Երկու թիմերին այժմ ընդամենը մեկ միավոր է բաժանում: Չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար «Արարատ-Արմենիային» բավարար է ոչ-ոքի խաղալ, իսկ ահա «Նոային» պետք է միմիայն հաղթանակ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին: