Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

ՌԴ-ն ոչ մի աջակցություն ցույց չի տալիս Քոչարյանին․ գուցե պաշտպաններին ձեռնտու է այդպես ներկայացնել․ քաղաքագետ (տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայտնվելը Հանրայինի եթերում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համարում է ազդակ, որ Հայաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի և՛ գործող իշխանության, և՛ ընդդիմադիրների հետ, պատրաստ է նրանց տարբեր հարթակներ տրամադրել։

Իսկ այդ դրվագի շուրջ արձագանքն այդպես բուռն էր, քանի որ, ըստ Գրիգորյանի, նախկին իշխանությունները ամեն ինչ անում էին, որպեսզի դուր գան Ռուսաստանի իշխանությանը․

«Հայերը սովոր էին վասալային հարաբերություններին, պատկերացնո՞ւմ եք՝ ռուս ընդդիմադիր գործչի՝ Հանրայինում խոսելը ստրկամիտ մարդկանց համար հեղափոխություն էր»։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը մեր երկրի ներքաղաքական իրավիճակի վրա ունի՞ ազդեցություն, Գրիգորյանն արձագանքում է․

«Կան ուժեր, ովքեր փորձում են ինչ-որ հարցեր լուծել Հայաստանի ներսում Ռուսաստանի միջոցով, ես նկատի ունեմ Հանրապետական կուսակցության առանձին բեկորներին, դա էր պատճառը, որ մենք ասում էինք՝ քաղաքական գնահատական տվեք ոչ միայն ելույթներով, այլ նաև Ազգային ժողովով, չեն արել, և այսօր նախկինների բեկորները «տղա են կանչում» դրսից»։

Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե երկրում հակառուսական տրամադրություններ են տարածվում, Գրիգորյանն ասում է՝ ոչ մի այդպիսի տենդենց չի նկատում, բայց միգուցե Գագիկ Ծառուկյանն այդպես է ընկալում․

«Ես նկատում եմ բավականին ռացիոնալ քննադատական խոսքեր Ռուսաստանի նկատմամբ, ու այդ քննադատությունը համարում եմ նորմալ։ Նաև նորմալ է, որ Ռուսաստանն իմանա այդ մասին»։

Գրիգորյանը շեշտում է՝ երբ գազի գինն աշխարհում իջնում է, Հայաստանի համար «Գազպրոմ Արմենիան» բարձրացնում է և մեր երկրին վաճառում շուկայականից մոտ չորս անգամ ավելի բարձր գնով։

Բացի այս ամենից, Գրիգորյանն ընդգծում է՝ Ռուսաստանը գնում է դեպի տոտալիտար համակարգ, իսկ Հայաստանը՝ դեպի ժողովրդավարություն․

«Ժողովրդավարական համակարգերին դժվար է աշխատել տոտալիտար կամ կոշտ ավտորիտար համակարգերի հետ, սա օբյեկտիվ խնդիր է»։

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում  գազի գնի բարձրացումը որոշ շրջանակներ կապում են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, Գրիգորյանն արձագանքեց․

«Ես այդպիսի միտում չեմ տեսնում, նախկին իշխանությունների ժամանակ էլ անընդհատ գազի գինը բարձրացվում էր, բայց Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ էր, Ռուսաստանը ոչ մի աջակցություն ցույց չի տալիս Ռոբերտ Քոչարյանին, միգուցե Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ձեռնտու է դա այդպես ներկայացնել»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ մեր երկրում կատարվող իրադարձություններին, քաղաքագետն ասում է՝ եթե, օրինակ, մեկ տարի առաջ ընդունեին նոր Սահմանադրություն, ոչ մի այսպիսի ճգնաժամ չէր լինի, միջազգային հանրությունը ոչ մի դժգոհություն չէին արտահայտի․

«Քանի որ ձգձգեցին հարցը, ստացվեց այնպես, որ ստիպված իշխանություններն աշխատում են նախկին Սահմանադրության շրջանակներում, նախկին Սահմանադրության շրջանակը Սերժի մարդկանց կողմից գրված Սահմանադրությունն է, որ ոչ մի բան չկարողանաս անել ու պարզ է մտնում ես հակասությունների մեջ, բայց ամեն դեպքում ողջունում եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քայլը՝ գոնե ժամանակավոր ճգնաժամը հանգուցալուծելու»։

Վաղը Սահմանադրական դատարանում սպասվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող 300․1 հոդվածի քննության վերաբերյալ Գրիգորյանն ասում է՝ այստեղ քվորման խնդիր է, բայց պոտենցիալ հնարավոր է, որ 5 դատավորները մասնակցեն և հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնեն։