Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani futbol
A A
Սպորտ

Ֆուտբոլի բարձրագույն խումբ, 26-րդ տուր. վճռորոշ օր հյուրընկալվող թիմերի համար

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 1-6-րդ տեղերի համար մրցաշարում այսօր կկայանան 26-րդ տուրի բոլոր երեք հանդիպումները:

Հանգամանքների բերումով առաջատար եռյակի թիմերը սեփական դաշտում կընդունեն իրենց հետապնդողներին: Առաջնության երկու առաջատարներից Գյումրիի «Շիրակն» իր հարկի տակ կհյուրընկալի Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին: Հյուրերը պարտվելու դեպքում դուրս կմնան չեմպիոնական պայքարից, քանի որ շիրակցիներից արդեն ետ կմնան 8 միավորով:  

Մրցաշարի երկրորդ առաջատարը՝ «Արարատ-Արմենիան», սեփական դաշտում կհանդիպի «Ալաշկերտի» հետ: Այստեղ հյուրերը նույնպես նահանջելու տեղ չունեն, սայթաքելու դեպքում ալաշկերտցիները կզրկվեն չեմպիոն դառնալու հնարավորությունից:

Երրորդ տեղում ընթացող «Նոան» իր հարկի տակ կընդունի մրցաշարի ետնապահ «Արարատին»: Արարատցիները տեսականորեն դեռ կարող են զբաղեցնել 3-րդ տեղը, սակայն դրա համար հարկավոր է, որպեսզի «Նոան» պարտություն կրի բոլոր խաղերում, իսկ «Ալաշկերտն» ու «Լոռի ՖԱ»-ն մնացած երեք հանդիպումներում մեկ միավորից ավելի չվաստակեն:

Ինչևէ, այսօր վճռորոշ օր է հյուրընկալվող թիմերի համար, որոնք պարտվելու դեպքում միանշանակ դուրս կմնան մրցանակային տեղերի համար պայքարից:

Մրցաշարային աղյուսակ

  1. «Շիրակ»՝ 45 միավոր
  2. «Արարատ-Արմենիա»՝ 45
  3. «Նոա»՝ 42
  4. «Ալաշկերտ»՝ 40
  5. «Լոռի ՖԱ»՝ 39
  6. «Արարատ»՝ 33