Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff karg
A A
Սպորտ

ՀՖՖ-ն Հայաստանի 1-ին խմբի առաջնությունից հանել է «Սևան» թիմին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը:

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Դավիթ Տերտերյանը «Արարատ-Արմենիայի» հետ գավաթային խաղում մրցավարներին հայհոյելու համար որակազրկվել 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել 150 հազար դրամով: Նույն խաղում կարմիր քարտ ստացած «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Դամչևսկին բաց կթողնի առաջիկա մեկ խաղը, իսկ ակումբը կվճարի 25 հազար դրամ տուգանք:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 հազար դրամով տուգանվել է այն բանի համար, որ 2-րդ «Շիրակ-2» թիմի մարզիչ Կարեն Ալեքսանյանը «Արարատ-2»-ի հետ խաղում հեռացվել էր տեխնիկական գոտում հայհոյելու համար: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է 5 խաղով:

ՀՖՖ-ին ամենամեծ տուգանք պետք է վճարի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»՝ 300 հազար դրամ: Նման պաժի պատճառը շատ ուշագրավ է, որը ներկայացնում ենք առանց փոփոխության.   

«Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի 62-րդ

րոպեին պլաստմասե շիշ նետեց խաղադաշտ՝ հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստի

հեռացվելուց հետո։ Հանդիպմանը օթյակից հետևող Պողոս Գալստյանը երկրորդ

խաղակեսի 62-րդ րոպեից սկսած բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ

էր հնչեցնում հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասցեին։

«Արարատ-Արմենիա» թիմի ֆուտբոլիստին հեռացնելուց և շիշ խաղադաշտ նետելուց

հետո, նա չէր դադարում մեղադրել մրցավարին կողմնակալության համար։

Հանդիպման պատվիրակի հետ զրույցում Պողոս Գալստյանը խնդրեց նշել, «իրեն

ամեն ինչ պարզ ա, թե ֆեդերացիայում ոնց ա ու ինչ», սակայն մանրամասնել

ակնարկը չցանկացավ։ Բացի այդ՝ հայտնեց, որ բողոքարկելու է մրցավարի

գործողությունները, չնայած «բան չի փոխվի, մի խաղ կորակազրկեն ու վսյո»։

 

Սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցին գլխավոր մրցավար Զավեն

Հովհաննիսյանի հասցեին նաև «Արարատ-Արմենիայի» դարպասին նշանակված

տասնմեկ մետրանոց հարվածից, ինչպես նաև խաղի ավարտից անմիջապես հետո։

Նման պահվածքը կանխելու նպատակով Գալստյանին նկատողություն արեց նաև

հանդիպմանը ներկա ոստիկաններից մեկը։ «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչը պարզաբանեց, թե՝ էմոցիաներ են միայն։ Խաղի ավարտից հետո ևս մեկ անգամ մրցավարին հայհոյելուց հետո, Պողոս Գալստյանին սթափվելու կոչ արեց ՀՖՖ գործկոմի անդամ Տիգրան Հակոբյանը, ումից Գալստյանը ներողություն խնդրեց, բայց ասաց, որ «ֆուտբոլ կյանքում չի զարգանալու ստեղ»։ Այնուհետև Պողոս Գալստյանը գնաց դեպի թիմերի և մրցավարի հանդերձարաններ տանող աստիճանավանդակ, որտեղ կրկին փորձեց մեղադրել Զավեն Հովհաննիսյանին վատ մրցավարության համար։ Ոստիկանության ներկայացուցիչների վերահսկողությամբ՝ մրցավարական բրիգադը մտավ հանդերձարան»:

 

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն Պողոս Գալստյանին այդ արարքի համար որակազրկել է 01.07.2020թ-ից մինչև 14.07.2020թ-նը՝ սահմանելով փորձաշրջան հուլիսի 7-14-ը:

 

Առաջին խմբում հանդես եկող «Սևան» թիմը հանվել է առաջնությունից՝ տեխնիկական երեք պարտություն ստանալու համար, իսկ ակումբը տուգանվել է 200 հազար դրամով: Պատճառն այն է, որ թիմն որակազրկված ֆուտբոլիստ է խաղացրել «Արարատ-2»-ի հետ խաղում: Ի դեպ, «Սևան» ակումբի ֆեյսբուքյան էջը հունիսի 25-ին գրել էր,  ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի միաձայն որոշմամբ «Սևան ՖԱ»-ին շնորհվել է Առաջին խմբի արտոնագիր, որը իրավունք է տալիս մասնակցելու 2020/2021թթ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը: