Բացել լրահոսը Փակել լրահոսը
01-Sona-Hovhannisyan
A A
Հարցազրույց Մշակույթ

Ուսանողներն ավելի ինքնուրույն պետք է լինեն, դա ժամանակի հրամայականն է․ Սոնա Հովհաննիսյան

«Կարծում եմ, որ ուսանողները պետք է ավելի պատասխանատու լինեն, զարգացնեն ինքնուրույն աշխատելու կարողությունները։ Դա ժամանակի հրամայականն է, իսկ բուհը, իր հերթին, ավելի ստեղծարար և հնարամիտ պետք է դառնա ներկա պայմաններում»։

«Ա1+»-ի հեռախոսազրույցը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ:

– Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս ընտելացաք համավարակի այս իրավիճակին:

– Առաջին ամիսն իհարկե ցնցումային էր, հետո ինքնակազմակերպվեցինք, ու մեր դասախոսները կամաց-կամաց անցան գործի: Մարդիկ չէին էլ պատկերացնում, որ կկարողանան աշխատել առցանց ձևաչափով։ Բարդություններ շատ եղան վարձավճարների հետ կապված։ Տնից աշխատելու անհարմարությունները ևս խնդիր են։ Այնուամենայնիվ, որոշ բացառություններով և ընդհանուր առմամբ, մեր online գործընթացը կարելի է սխրանք համարել երաժշտական մասնագիտացումների համար։ Կազմվել են հաշվետվություններ, որոնց հիման վրա հասկացանք, որ որոշ դասախոսների անհրաժեշտ է ապահովել պլանշետներով, ինչը մեր ԲՈՒՀ-ի համար բարդ է ֆինանսական տեսակետից։ Այդուհանդերձ, փնտրում ենք ուղիներ։ Մտածում ենք նաև Wi-Fi-ի վճարման հարցը կազմակերպել։ Մտադիր ենք Կոնսերվատորիայում կազմակերպել տեխնոլոգիաներին տիրապետելու դասընթացներ: Կան առարկաներ, որոնց online դասընթացն իսկապես անհնարին է։ Դրանք նվագախմբային, երգչախմբային, անսամբլային, օպերային ստուդիայի հետ կապված աշխատանքներն են:

– Ինչպե՞ս անցան քննությունները, չէ՞ որ մի բան է բնագիտական կամ պատմողական առարկաները առցանաց պատասխանելը, կամ գրավոր ներկայացնելը, մեկ այլ բան՝ կատարողական արվեստը ներկայացնելը:

– Կատարողական մասնագիտությունների համար քննությունները նույնպես անցկացվեցին online: Ուսանողների կողմից նախապես ուղարկված ձայնագրությունները քննվում և գնահատում էին հանձնաժողովի կողմից: Թեև ուսանողները նվագում էին վատ գործիքների վրա, բայց աշխատել էին լավ ներկայանալ, ինչը ևս հաշվի առնվեց գնահատման ժամանակ: Կարծում եմ, որ հնարավորը և անհնարինն արվել է ուսանողների և դասախոսների կողմից: Որոշ առարկաների դեպքում, երբ անհնարին էր կազմակերպել online դասընթաց, քննական ձևաչափերը փոխվեցին: Դա շատ ցավոտ ընդունվեց, որովհետև գործնական առարկան տեսականով փոխելը այդ առարկայի կործանումն է։ Այս առարկաների մասով սեպտեմբերից մտածում ենք նոր ձևաչափեր, հիմա քննարկում ենք այդ հարցերը:

– Ինչպե՞ս եք անցկացնելու ընդունելության քննությունները, և ո՞րքան դիմորդ կա:

– Այս տարի աննախադեպ թվով դիմորդներ ունենք և կարծում եմ, սա պայմանավորված է ընդունելության մեկ քննությամբ։ Ընդունելության քննությունը հանձնելուց առաջ դիմորդները կարող են հատուկ գրաֆիկով կես ժամյա փորձեր ունենալ քննական սենյակներում: Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 6-ից 10-ը առկա ձևաչափով: Ներքին կարգավորմամբ որոշում ունենք, տարեվերջին կրճատված քննությունների առարկաների ներբուհական քննությունները խստացնել, բուհի մասնագիտական մակարդակը պահպանելու նպատակով:

– Լարային գործիքների վրա կատարող դիմորդներն իրենց գործիքներո՞վ են մասնակցելու քննությանը:

– Նրանց ևս տրվել է փորձի հնարավորություն:

– Դիմորդները հիմնականում Երևանից և մարզերի՞ց են, թե՞ կան նաև արտասահմանից հայտեր ներկայացրած դիմորդներ: Անցյալում շատ էին, հատկապես, Իրանից դիմորդները:

– Արտասահմանցի դիմորդների ընդունելությունը տեղի է ունենում սեպտեմբերին: Այս տարի, կապված համավարակի հետ, կարծում եմ ավելի քիչ կլինեն արտասահմանցի դիմորդները: Դիմորդները հիմնականում Երևանից են, մասնագիտական դպրոցներից և ուսումնարաններից: Տեղերի առումով փոփոխություն չկա: Այս տարի պետպատվերով տեղերը նույնիսկ ավելացվել են երկուսով: Անցյալ տարի դիմել էինք փողային գործիքների տեղերի ավելացման խնդրանքով, ինչը բավարարվեց: Վերջին տարիներին բավականին շատ է փողային գործիքների համար դիմորդների թիվը, և դա մեզ ուրախացնում է, քանի որ այս ոլորտում միշտ էլ լավ երաժիշտների խնդիր եղել է: Երեկ ավարտվեց ասպիրանտուրայի դիմորդների քննությունը, ունեինք վեց դիմորդ: Նախկինում այսքան դիմորդ չէր եղել, լավագույնը մեկ, երկուսը:

– Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Կարծում եմ, բուհի ակտիվ աշխատանքով:

– Որքա՞ն տեղեր են այս տարի տրամադրվել ըստ մասնագիտացումների:

– Մասնագիտացումների համար պետպատվերի տեղերը շատ կոնկրետ են, վճարովիների համար՝ ըստ դիմորդների քանակի: 240-250 դիմորդ ունենք, պետպատվերի տեղերը 62-ն են, վճարովիների համար առավելագույնը 104 դիմորդի հնարավորություն կա, ըստ լիցենզիայի: Խմբավարականում՝ չորս տեղ, տեսական բաժնի՝ հինգ, լարայինների՝ տասնհինգ, դաշնակահարների, վոկալիստների և ժողգործիքների մասնագիտացումների համար մրցույթը բավականին մեծ կլինի:

– Բացի ներկայիս իրավիճակից, ի՞նչ խնդիրներ են առկա:

– Շատ մեծ թվով փոքր ծանրաբեռնվածությամբ աշխատող դասախոսների խնդիր ունենք: Ձեռնամուխ ենք եղել Կոնսերվատորիայի շենքի բարենորոգումների գործին: Աշխատում ենք նոր գործիքների ձեռքբերման, գրադարանի նորացման մեծածավալ ծրագրերի վրա, ինչպես նաև օպերային ստուդիայի աշխատանքները առավել ակտիվացնելու շուրջ: Տպագրում ենք հայալեզու ուսումնական ձեռնարկներ։ 2021 թվականին Կոնսերվատորիայի 100-ամյակն է: Ծրագրում ենք մի շարք հոբելյանական միջոցառումներ։ Ամենակարևորներից մեկը հոբելյանական գրքի հրատարակումն է, որը նախապատրաստում է Կոնսերվատորիայի երախտավոր Արմեն Բուդաղյանը: Օպերային ստուդիայի 40-ամյակն է, 26 տարի պաշտոնավարած ռեկտոր Ղազարոս Սարյանի 100-ամյակն է: Մի խոսքով, շատ գործեր կան անելու և աշխատանքներն ընթացքի մեջ են: Ի դեպ, հիմնել ենք Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամ, որը չորս հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ է և որի գործունեությունը արդեն տեսանելի է։