Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արուսյակ Ջուլհակյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Հրայր Թովմասյանը փոքր-ինչ ուշացել է ամոթ զգալու դրսևորումների հարցում․ պատգամավոր

ԱԺ-ում արտահերթ նիստով ընդունված Սահմանադրական փոփոխությունների, ընդդիմադիրների քայլերի, ՍԴ նախագահի և անդամների արձագանքի եւ այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։

-ԼՀԿ-ն այսօր հայտարարեց, որ պատրաստվում է հուլիսի 7-ից հետո դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել ՀՀ նախագահին սահմանադրական փոփոխությունները հաստատելուց զրկելու, ինչպես նաև Սահմանադրական փոփոխությունների համար ԱԺ-ի կողմից ՍԴ չդիմելու հարցերը։ Ձեր դիտարկումները։

-Իրենց իրավունքն է, իրենց որոշելիքն է, կարող են դիմել, բայց  կոնկրետ սահմանադրական փոփոխությունների մասով ընդդիմությունը Սահմանադրական դատարան դիմել չի կարող։

Ինչ վերաբերում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների մասով կարող են դիմել, թող դիմեն, իրենց իրավունքն է։

Նախագահի վերաբերյալ փոփոխությունը արել ենք հենց Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար, որովհետև Սահմանադրությունը ասում է, որ նախագահի լիազորությունները սահմանվում են Աահմանադրությամբ, և ինքը իր գործունեությունը ծավալում է հենց այդ լիազորությունների շրջանակում, այսինքն՝ այլ իրավական ակտով նրա լիազորությունները չեն կարող սահմանվել։

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքն ասում է, որ Սահմանադրության փոփոխությունները նույնպես պետք է ուղարկվեն նախագահին՝ ստորագրելու համար, և նախագահի գրասենյակն է հենց այդ խնդիրը հայտնաբերել  և ասել, որ Սահմանադրությունը նախագահին նման լիազորությամբ չի օժտել, և ինքը չի կարող ստորագրել Սահմանադրական փոփոխությունների տակ։

Այստեղ խոսել այն մասին, որ դա հակասահմանադրական է և պետք է վիճարկվի Սահմանադրական դատարանում, ես հիմնավոր և ողջամիտ չեմ համարում։

-ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ  առոչինչ իրավական ակտերին ենթարկվելու իրավունք չունի։ Ասաց նաև, որ չի ծանոթացել ԱԺ-ի ընդունած նախագծին։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Զավեշտալի է պնդել՝ մի բան առոչինչ է, եթե չես ծանոթացել՝ ինչի մասին է խոսքը։ Կարծում եմ՝ արժեր ծանոթանալ, հետո նոր նման պնդումներ անել։

-Հրայր Թովմասյանը հայտարարեց նաև, որ որպես իրավաբան՝ ամոթ է զգացել ԱԺ-ում տեղի ունեցածի համար։ 

-Հրայր Թովմասյանը փոքր-ինչ ուշացել է ամոթ զգալու դրսևորումների հարցում, որովհետև շատ ավելի լուրջ ամոթալի պահեր է ունեցել իր կենսագրության ընթացքում, որոնց ժամանակ անպայման պետք է ամաչեր, բայց, չգիտես ինչու, չի ամաչել, կամ եթե ամաչել է, առնվազն չի ունեցել քաջություն այդ մասին բարձրաձայնելու։ 

Որպես օրինակ կարող եմ նշել այն Սահմանադրությունը, որը նա  գրել է և հիմնավորել, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում դառնալ վարչապետ, իսկ այս Սահմանադրությունը միտված չէ նրա իշխանության հավերժացմանը։ Նա ստում էր և չէր ամաչում։ 

Երկրորդ՝ երբ Հրայր Թովմասյանը իր ժամկետից երեք շաբաթ շուտ  աճպարարության դիմելով գործուղվում էր Սահմանադրական դատարան՝ վեց տարվա փոխարեն տասնյոթ տարով նախագահի պաշտոնը զբաղեցնելու նպատակով, այդ ժամանակ էլ չէր ամաչում։ Հրայր Թովմասյանը խախտել է իր գրած Սահմանադրությունը։ Նա հենց այս կետերում պետք է ամոթ ապրի, հետո նոր այլ անձանց փոխարեն։

-ՍԴ դատավոր-անդամ Ալվինա Գյուլումյանը պնդում է՝ օրենքը իր վրա տարածվել չի կարող, նաև ասում է, որ պատրաստ է իր իրավունքների վերականգնման համար հասնել ընդհուպ ՄԻԵԴ։ Առհասարակ մտահոգված չե՞ք, որ պաշտոնանկ արված ՍԴ անդամները կարող են դիմել ՄԻԵԴ և այնտեղ հաջողություններ ունենալ։

-Ինձ չի անհանգստացնում, որովհետև չեմ կարծում, որ կարող են հաջողություններ ունենալ, մանավանդ որ այն, ինչ կատարվել է, դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչը Եվրոպական ամենակարևոր  կառույցներից մեկն է, և չեմ կարծում, որ ՄԻԵԴ-ը կարող է հաշվի չառնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որի հիման վրա էլ այս փոփոխությունները իրականացվել են, բացի այդ տիկին Գյուլումյանի իրավունքն է իր պատկերացմամբ իր խախտված իրավունքները պաշտպանել, թող դիմի, ժամանակը ցույց կտա՝ արդյոք կհաջողի, թե ոչ։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե այս օրենքը իր վրա չի տարածվում, քանի որ 12 տարի չի պաշտոնավարել իր  վերջին նշանակումից հետո, պետք է նշել, որ նախագիծը հենց խոսում է ընդհանուր տևողությամբ 12 տարի պաշտոնավարելու մասին։