Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Գեւորգ Պետրոսյանը՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին

Այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։
 
ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ԲՀ-ն ու ԼՀ-ն կմիանան՝ ենթադրյալ օրենքի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու համար։ Պատգամավորը պատասխանեց, որ դա այնպիսի հարց է, որ խմբակցության նիստում քննարկվի, որոշվի։ «Միանձնյա դատելու իրավունք ինձ չեմ վերապահում, հավանական է, բայց այս պահի դրությամբ այդպիսի որոշում չունենք»,- նշեց Պետրոսյանը։

Հարցին՝ ե՞րբ կարող են ըստ օրենքի դիմել Սահմանադրական դատարան, պատասխանեց, որ օրենքն ընդունվելուց հետո։ «Որպեսզի նոր ընդունված օրենքի սահմանադրականությունը վիճարկենք, նախագահի ստորագրելուց հետո։ Պարզապես հնարավոր չէ հիմա առաջին և երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում, տեխնիկապես էլ է անհնար։ Դրա համար երկրորդ ընթերցումից հետո, երբ որ կուղարկվի նախագահի ստրագրության, դրանից հետո հնարավոր է դիմենք, բայց նման որոշում դեռ չկա, չեմ կարող միանձնյա խմբակցության անունից հայտարարություն անել»,- եզրափակեց ԲՀ խմբակցության պատգամավորը։
 
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի լիազորություն պատգամավորների թվի մեկ հինգերորդով դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանդրականությունը վիճարկելու համար։ «Բարգավաճ Հայաստան»-ը խոհրդարանում ներկայացված է 25 պատգամավորով, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 17, այսինքն՝ այս իրավիճակում անհրաժեշտ է 26 պատգամավորի համաձայնություն։