Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Քաղաքականություն

Մեր պետականության կարևորագույն փաստաթղթի խախտում ենք թույլ տալիս․ նախկին դատախազը՝ ՍԴ-ին վերաբերող օրինագծի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանդրական դատավորների լիզորությունները, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես նախագահի, որից հետո նոր համալրված դատավորներով ՍԴ նոր նախագահ ընտրել։ 

Փաստաբան, նախկին դատախազ Հովսեփ Սարգսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ նախ ՍԴ-ով պետք է անցնի այս օրինագիծը մինչ խորհրդարան ներկայացվելը։

«Եթե այդ օրենքն ընդունվի, ապա կլինի հակասահմանադրական օրենք։ Այսինքն՝ այս դեպքում մենք գործ ունենք դատական իշխանության հետ։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունները բաժանվում են 3 ճյուղի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություն։ Սա զուտ անձերով պայմանավորված խնդիր է առաջացնում, բայց որքան էլ անձերի խնդիր առաջանա, այնքանով էլ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետությունում ընդունված բոլոր օրենքները, առաջին հերթին՝ Սահմանադրությունը։ Մենք իրավունք չունենք այդպիսի «շռայլություն» թույլ տալ մեզ, որպեզի ընդունվի հակասահմանադրական օրենք։ Սա անթույլատրելի է, և ապագայի համար կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ»,- շարունակեց Սարգսյանը։

 

Իրավաբանի խոսքերով՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները պարտավոր են պահպանել սահմանադրական կարգը, առավելևս, որ Վենետիկի հանձնաժողովն այս կապակցությամբ ունի դիրքորոշում առ այն, որ օրենսդիր կամ գործադիր մարմինները շտապել են՝ նման նախագիծ խորհրդարան տանելով։

 

Հարցին, թե խորհդրարանական խմբակցություններն  (Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան) այս նախագծի օրինականությունը վիճարկելու մասով կարո՞ղ են դիմել Սահմանադրական դատարան, Սարգսյանը պատասխանեց, որ ֆորմալ առումով կարող են դիմել, սակայն խնդիրն այստեղ այն է, թե արդյո՞ք ճիշտ ենք գնահատում այն իրավիճակը, որ պետք է իրականություն դառնա։ 

«Խնդիրը հետևյալի մեջ է․ հնարավո՞ր է արդյոք սահմանադրական նորմի փոփոխություն կատարել առանց որևէ իրավաբանական փորձաքննություն անցնելու (ՍԴ-ում)։ Խորհրդարանի մյուս խմբակցությունները որքանով են կարող ներազդել կամ չներազդել, այստեղ խնդիրը վճռորոշ ձայն ունենալն է։ Այս դեպքում «Իմ քայլը» ունի վճռորոշ ձայների քանակ և դրանով պայմանավորված փորձում կամ փորձելու է անցկացնել։ Ես չգիտեմ՝ հիմա ինչպիսի զարգացումներ կլինեն։ Այդ խմբակցության մեծ մասը իրավաբաններ չեն, չեն կարող գնահատել այդ օրինագծի ոչ միայն իրավական, այլև քաղաքական հետևանքները, որովհետև այն ինչ կարող է լինել Սահմանադրության ակնհայտ խախտումով, կարող է առաջ բերել ոչ միայն քրեա-իրավական, այլև առաջացնել և՛ աշխարհաքաղաքական, և՛ քաղաքական խնդիրներ և ընդհանրապես ժողովրդավարությանը վնասել»,- ընդգծեց փաստաբանը։

Հարցին՝ ենթադրենք՝ օրինագիծն ընդունվի, լիազորությունները դադարեցվեն, ի՞նչ են կարող են դատավորները, ինչպե՞ս են կարող վիճարկել սա, պատասխանեց, որ կարող են վիճարկել, բողոքարկել, դիմել դատարան, դրա սահմանադրականության շուրջ հարցը որոշել և այլն, սակայն խնդիրը հետևյալի մեջ է․

«Նախ մենք իրավական տեսանկյունից ունենք ՀՀ նախագահ՝ որպես ինստիտուտ, որը պետք է ստորագրի Աժ կողմից ընդունված օրենքը, և դա համապատասխան ընթացակարգով իրավական ուժ ստանա։ Այստեղ նախագահն ունի ասելիք կամ անելիք, եթե իհարկե ընդունվի։ Ուղղակի հարցն այնպիսի շեշտադրությամբ է դրված, որ համարում եմ, որ այն արդեն ընդունված է»։

Սակայն, Սարգսյանի կարծիքով, խորհրդարանում կան իրավաբաններ, որոնք կարող են ընդդիամանալ այս նախագծին և գործընկերներին կոչ անել, որպեսզի հակասահմանադրական քայլ չկատարեն։  Փաստաբանի խոսքերով՝ այս օրենքի ընդունումը կարող է նաև սահմանադրական կարգի տապալման տանել կոնկրետ դատական իշխանության մասով, և այս արարքը քրեորեն հետապնդելի է։

Ըստ փաստաբանի՝ եթե փորձում է արվում Սահմանդրությանը կպնել և անձեր փոփոխել, կարող է սահմանադրական կարգի տապալման հասցնել, պետք է մի քանի ասպեկտներով նայել հարցին․ արդյո՞ք մենք իրավական և քաղաքական արենայում, միջազգային ատյաններում կունենանք այն հեղինակությունը, որը քիչ թե շատ ունենք, կամ շատ լավն ունենք, իսկ դեպքում այս դեպքում մեզ շատ անլուրջ կվերաբերվեն միջազգային մարմինները։ 

 

«Ուղղակի վկայակոչելով, որ «եթե դուք չեք հարգում ձեր Սահմանադրությունը, ինչպե՞ս է կարող միջազգային պայմանագրերի մասին կամ միջազգային օրենքների կամ միջազգային պարտավորությունների մասին խոսք լինել»։ Այսինքն՝ մենք անվստահելի գործընկեր կդառնանք միջազգային կառույցների համար, սա իր հերթին։ Իսկ մյուս դեպքում, ես չգիտեմ իրավաբանական համայնքն (խոսքը վերաբերում է այն իրավաբաններին, որոնք դիրքորոշում կամ կարծիք են հայտնել) ինչպես է վերաբերվում այս ամեն ինչին։ Այստեղ կողմնակից լինել-չլինելու մասին խոսք չի կարող լինել, նախկին կամ ներկա լինելու մասին խոսք չի կարող լինել, այստեղ օրենքի կիրառման խնդիր կա։ Միանշանակ սահմանադրական նորմերը հարգելու, ընդունելու խնդիր կա։ Իրավական տեսանկյունից սա որևէ կերպ արդարացված չէ, ես ուղղակի զարմանում եմ․ այս նախագիծը գրողները պետք է հասկանային, որ տարրական իրավական հասկացողության խնդիր կա։ Ճիշտ չի լինի ամեն գնով այս մոտեցումը։ Ասում են՝ «նպատակն արդարացնում է միջոցները», սա այդ դեպքը չէ, նպատակը չի կարող արդարացնել միջոցները, որովհետև մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության պետականության հետ։ Մեր պետականության կարևորագույն փաստաթղթի խախտում ենք թույլ տալիս։ Ես էլի եմ ասում, քրեա-իրավական հարթությունը մի կողմ դնենք, մենք չէ՞ որ սրանով առաջին հերթին վնասում ենք ինքներս մեզ»,- եզրափակեց իրավաբանը։