«Դատավճռի պես մի բան էր մտնել հիվանդասենյակ և որպես բժիշկ, եւ որպես հիվանդ»
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին երկու ամիսը մի ամբողջ հավերժություն են թվում բժիշկ-ռադիոլոգ Անահիտ Հունանյանի համար։ Ապրիլի 15-ից նա աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հոսպիտալացված կորոնավիրուսային վարակակիրների հետ։
«Զանգահարեցի Առողջապահության նախարարություն, որ եթե բժիշկ-ռադիոլոգի կամ սոնոգրաֆիստի կարիք լինի, պատրաստ եմ միանալ բժշկական թիմին։ Արձագանքը չուշացավ։ Մի քանի օր անց արդեն սկսեցի աշխատել կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ»,- պատմում է բժշկուհին և հավելում, որ որոշում կայացնելիս ամենից դժվարը յոթամյա որդուն չտեսնելու մտքի հետ համակերպվելն է եղել։
Նրա խոսքով՝ գրեթե ամեն օր, պահպանելով անվտանգության կանոնները, հեռվից տեսել է որդուն և ամուսնուն, սակայն կարոտի հաղթահարման նման տարբերակը ավելի դաժան է եղել իր համար։
«Մի քանի քայլ այն կողմ քեզ համար չափազանց թանկ մարդիկ են, իսկ դու չես կարող նրանց մոտենալ ու գրկել. ամեն հանդիպումից հետո կարոտն ավելի էր խեղդում ։ Օրեցօր հոգեբանորեն ավելի բարդ էր դառնում ինձ համար այս իրավիճակը, սակայն բավական էր հայտնվեի բաժանմունքում, տեսնեի թե որքան մարդ իմ կարիքն ունի, ամեն բան հարաբերականորեն մոռացվում էր, և ես գործի էի անցնում»,-ասում է Անահիտ Հունանյանը։
Խոստովանում է՝ նպատակ է ունեցել աշխատել ընդամենը 1 ամիս, սակայն ժամամակն արագ է անցել և գիտակցելով, թե որքան կարևոր է իր օգնությունը պացիենտների համար, մնացել է և արդեն իսկ, իր բառերով, ընտանիքի անդամ դարձած մյուս բուժաշխատողների հետ, շարունակում է պայքարել վարակի դեմ։
Բայց այս վիրուսն անտեսանելի է և անհանդուրժող, մոտենում է առանց զգուշացնելու, եւ մի օր ինքն էլ է թեստ հանձնել։
«Առաջին իսկ օրերից, սկզբում վախով, ապա ավելի սառը, գիտակցել եմ, որ վարակվելուս հավանականությունը մեծ է, սակայն, երբ մեկուկես ամիս հետո թեստիս պատասխանը եկավ դրական, շատ անսպասելի էր, դատավճռի պես մի բան էր մտնել հիվանդասենյակ և որպես բժիշկ, և որպես հիվանդ»,-պատմում է բժիշկը։
Սկզբում վհատվել է, բայց ամեն բան կարողացել է հաղթահարել։
«Կարծում եմ՝ թագավարակը փոխել է շատերի մոտեցումները սեփական ես-ի և կյանքի նկատմամբ։ Այս երկու ամիսների ընթացքում, երբ եղել եմ վարակի թողած հետևանքների կիզակետում՝ փորձելով ամեն բան անել դրանք վերացնելու համար, դարձել եմ առավել ինքնավստահ։ Հստակ գիտակցում եմ, որ այսօրվա գործը վաղվան պետք չէ թողնել, քանի որ ամեն վայրկյան մենք կարող ենք ուշանալ, նույնիսկ մեկ հիվանդասենյակից դեպի մյուսը վազելիս»,- ասում է բժշկուհին։
Անահիտ Հունանյանը խոստովանում է, որ այս ընթացքում ամենից ծանրը նայելն էր այն մարդկանց աչքերին, որոնց որպես բժիշկ այլևս անկարող էր օգնել։