Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչպես ամուսինները հաղթահարեցին վարակն ու կարոտը

«Սկզբից դու նրան չես հավատում, հետո սկսում ես վախենալ նրանից, վերջում` ապրում նրա հետ»,- երեւանաբնակ Համլետ Խնկոյանն այսպես է նկարագրում կյանքը COVID 19-ի օրերին։

Մարտին, երբ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն,  Համլետ Խնկոյանը  առաջիններից էր, որը սկսեց ընկերների հետ  պարենային օգնություն բաժանել տարեցներին և կարիքավոր ընտանիքներին։Սկզբում օգնությունը Երեւանում էին բաժանում, հետո արդեն մարզերում։

 «Սոցցանցի իմ էջում տեղեկացրի, որ նման գաղափար ունեմ, միացան մի քանի երիտասարդներ, ապա բարեգործական ակցիայի շրջանակներն ընդլայնվեցին՝ ներառելով նաև մարզաբնակներին»,- պատմում է Համլետը և հավելում՝  փաթեթներ են արդեն տրամադրել  շուրջ 1200 ընտանիքի։

Ակտիվ երիտասարդը   պահպանում  էր  բոլոր կանոնները՝ կորոնավիրուսով չվարակվելու համար։  Սակայն... մայիսի 20-ին ջերմությունը բարձրացավ, եւ Համլետը որոշեց անպայման թեստ հանձնել։ Պատասխանին սպասել են չորս օր։

«Երբ «կատե» հետազոտությունից հետո իմացանք, որ Համլետի մոտ երկկողմանի թոքաբորբ է, արդեն իսկ հասկացանք՝պատասխանը լինելու է դրական»,- ասում է Համլետի կինը՝ Դիանան,որը եւս  թեստ է հանձնել։

 «Սպասման չորս օրերին հասցրել էինք համակերպվել, որ վարակվել ենք կորոնավիրուսով։ Ինքնակամ մեկուսացել էինք»,- պատմում է Համլետը

Թեստի պատասխանը դրական էր, եւ նույն օրը նրան  տեղափոխել են  Վանաձորի ինֆեկցիոն կենտրոն, քանի որ Երևանում տեղ չկար։

Դիանայի մոտ վարակը արտահայտվել է ասիմպտոմ, միայն մեկ օր է ջերմել, ուստի ինքնամեկուսացել է ամուսնուց մի քանի տասնյակ կիլոմետր հեռու՝ երեւանյան իրենց տանը։

Ասում է՝  հիվանդությանը զուգահեռ կարոտն են հաղթահարել։

 «Տեսազանգով հաճախակի զրուցում էինք, գուցեև ամեն հինգ րոպեն մեկ, նույնիսկ ֆիլմ ենք դիտել միասին, պատասխանել ենք հարազատների և ընկերների նամակներին, ովքեր անհանգիստ էին մեր առողջակական վիճակով»,- պատմում է Դիանան։

Չեն  թաքցնում՝ միմյանցից հեռու գտնվելը հոգեբանորեն ծանր են տարել։

«Մեզ ամեն օր երեքանգամյա սնունդից զատ մեկ տուփ բնական հյութ էին տալիս։ Ես էլ, որպեսզի չկորցնեմ հիվանդանոցում անցկացրած օրերի թիվը, տուփերը դեն չէի նետում»,- ասում է Համլետը։

Նրա խոսքով բուժանձնակազմի  շնորհիվ կարողացել է մեկ շաբաթ անց արդեն բուժումը շարունակել տանը։

 Դիանան էլ հավելում է՝ Համլետն այնքան գովեստի խոսքեր էր ուղղում նրանց հասցեին, որ ինքը նույնիսկ սրտնեղում էր՝ ինչու են իրեն թողել տանը և ամուսնու հետ չեն տեղափոխել Վանաձոր։

 Կյանքը կորոնավիրուսից հետո՝  շաբլոն հարցին՝ ամուսիների պատասխանը նույնն է, հիվանդության ընթացքում փոխվում են մոտեցումները, սկսում ես առավել զգույշ լինել ոչ միայն սեփական առողջության, այլ նաև ուրիշների նկատմամբ, ինչպես նաեւ վերարժեւորել այն ամենը, ինչ ունեն։