Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Մշակույթ

Ինչու՞ կարող են վերաբացվել սրճարաններն ու մոլերը, իսկ երաժշտական կոլեկտիվները անգամ փորձ անել չեն կարող

Ինչու՞ կարող են վերաբացվել սրճարաններն ու մոլերը, իսկ երաժշտական կոլեկտիվներն, ինչպես օրինակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է, չեն կարող վերսկսել գոնե փորձերը լիարժեք կազմով:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը մտահոգված է, թե երբ ֆիլհարմոնիկը թույլտվություն կստանա վերսկսել գոնե 40-50 հոգանոց փորձերը, քանի որ առանց ամենօրյա փորձերի, նվագախումբը կարող է կորցնել կատարողական այն բարձր որակը, որին հասել են տարիների աշխատանքի շնորհիվ: Այս մասին նա բարձրաձայնել է ոչ մեկ անգամ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առայժմ չի պատասխանել այս խնդրին:

 

Այս և այլ հարցերով «Ա1+»-ը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի հետ:

 

Տիկին Սիրունյան, համաճարակով պայմանավորված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն անցավ օնլայն տիրույթ:

 

– Ինչպես ամբողջ աշխարհն անցավ: Միշտ ակտիվ ենք եղել սոցցանցերում, առավելապես հիմա, շեշտադրումը ստիպված դրեցինք օնլայն հարթակի վրա և կարողացանք իրականացնել շատ ծրագրեր՝ փոքր համերգներ,  նախկինում արված որակյալ տեսագրությունների ցուցադրություններ: Օրինակ՝ Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիայի որակյալ տեսագրությունը, որն առաջին անգամ հեռարձակեցինք մեր կայքում: Առայժմ նույն ձևով կաշխատենք, քանի որ հասկանում ենք, որ դեռ պարզ չէ, թե երբ կարող ենք ունենալ դահլիճում հանդիսատեսով համերգ: Իսկ առայժմ փորձում ենք կամերային խմբերով մեր ունկնդրին ներկայացնել հետաքրքիր ծրագրեր, որը կարծես հաջողվում է, դատելով մեր էջի հետևորդների անընդհատ ավելացող քանակից և գովասանքի գրառումներից:

 

Ի դեպ, փոքր խմբերով համերգները շատերի համար կարծես բացահայտեցին, թե ինչ որակի պրոֆեսիոնալ երաժիշտներ են նվագախմբի կազմում և հիացմունքի խոսքեր հնչեցին, որ մեր ֆիլհարմոնիկը ասես մենակատարների նվագախումբ լինի:

– Այո, այս օրերին գովեստի շատ խոսքեր լսեցինք: Հպարտությամբ կարող եմ ասել, որ հանրապետության լավագույն երաժիշտներն են ընդգրկված մեր նվագախմբում և ասեմ, որ սա նաև մաեստրո Թոփչյանի շնորհիվ է: Նշեմ նաև, որ փոքր խմբերով հանդես գալն իր դժվարությունն ունի: Մի բան է, երբ նվագախումբն է նվագում և գալիս է «մեկ ձայնի» հնչողություն, և  կարելի է «թաքնվել», այլ բան, երբ փոքր խմբով հանդես եկող երաժիշտներից յուրաքանչյուրը կարողանում է բացահայտել իր ընդունակությունն ու պոտենցիալը:

 

Գովեստի խոսքեր էին հնչում նաև օնլայն հարթակում իրագործված ծրագրերի ոչ ֆորմալ բնույթ կրելու և մտածված ներկայացնելու մասին: Որպես օրինակ, նվագախմբի առաջին ջութակների կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի ունկնդրին տրված հետաքրքիր տեղեկությունն ու յուրովի մեկնաբանությունը Վիվալդիի կոնցերտի վերաբերյալ, մինչ ստեղծագործության կատարումը:

 

– Մենք որդեգրել ենք մի համերգաշար, որը կոչվում է «Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ», և հավատացնում եմ, մեզ համար կարևոր չէ, ամբողջ նվագախումբն է կատարում, թե մի քանի երաժիշտ, պատասխանատվությունը նույնն է: Աշխատում ենք նույն ձևով, ինչպես մինչ օնլայն հարթակը: Ծրագրերը, իրեն հատուկ բծախնդրությամբ, որոշում է մաեստրո Թոփչյանը: Փոքր կազմերով փորձեր ենք անում, ձայնագրություններ ենք կատարում: Կարող եմ նույնիսկ ասել, որ օնլայն հարթակն իր դժվարությունն ունի: Մի բան է, կատարել դահլիճում՝ 1200 հանդիսատեսի համար, որը դասական երաժշտություն սիրող քո ունկնդիրն է, այլ բան է օնլայն հարթակում: Պետք է կարողանալ մատուցել այնպիսի երաժշտություն, որ հետաքրքիր լինի ավելի լայն հանրության համար:

Շատ պատասխանատու է, քանի որ մեր էջի հետևորդների թիվը գնալով շատանում է և արդեն խոսքը գնում է համացանցում տասնյակ հազարի հասնող դիտումների մասին: Թե երաժիշտների բարձր կատարողական արվեստը, թե համերգի ձայնագրման ու տեսագրման աշխատանքները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, չնայած, որ ամբողջ աշխատանքը իրականացնում ենք միմիայն մեր ուժերով:

Եվ իհարկե, այս ամենն իրականություն չէր դառնա, եթե չլինեին կուլիսներում իրենց գործը կատարող մեր նվիրյալ աշխատակիցները, որոնց աշխատանքն անտեսանելի է, սակայն և անփոխարինելի: Առանց համակարգողների, այս ամենն իրականություն չէր դառնա: Նրանց շարքում է հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Դալլաքյանը, որն այս ամիսներին փայլեց իր պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքով: Մեր օպերատորը՝ Աշոտը, որը միշտ կազմ-պատրաստ է իր գործն անել: Սոցցանցերի հետ կապն ապահովող մեր խմբագիրը՝ Լուսինեն:


Պարոն Թոփչյանը մտահոգված է, որ նվագախումբն առանց ամենօրյա փորձերի կարող է կորցնել կատարողական այն բարձր որակը, որին հասել են տարիների աշխատանքի շնորհիվ: Ինչպես է այս խնդրի լուծմանը անդրադառնում  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

 

– Այո, միասնական փորձեր չունենալը կարող է վտանգել տարիների ձեռքբերումը: Բնական է, որ երաժիշտները տանը փորձում են, բայց դա իհարկե բավարար չէ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որի մասին անընդհատ բարձրաձայնում ենք: Նամակով դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի միջնորդեն պարետատանը, որ թույլատրեն փորձեր իրականցնել, անխոս, պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները: Առայժմ պատասխան չենք ստացել, սակայն լիահույս ենք, որ մոտ է այն օրը, երբ կստանանք թույլտվություն: Մենք անհամբեր դրան ենք սպասում:

 

Տիկին Սիրունյան, ինչ կասեք ֆինանսական դժվարությունների մասին:

 

– Առայժմ, ինչպես բոլոր կոլեկտիվներն, այնպես էլ մենք, ստանում ենք դրամաշնորհ և վճարում աշխատավարձ: Սակայն հասկանալի է, որ արտաբյուջետային գումարներ են հարկավոր, որ լրացնենք բացերը: Իսկ գումարներ չկան: Անցյալ տարի իհարկե, չէինք կարող նախատեսել, որ այսպիսի իրավիճակ կլինի և որոշակի գումարներ պետք կլինի ծախսել ախտահանման, դիմակների, ձեռնոցների ու այլ պարագաների համար: Կարծում եմ, որ նախարարությունը կվերանայի, օրինակ՝ դահլիճի կոսմետիկ վերանորոգման համար տրամադրված ծախսերը, որն այս պահին, միգուցե և այդքան էլ անհրաժեշտ չէ, և այդ գումարը կուղղվի այլ կարևոր բացերի լրացման, այսինքն որոշ հոդվածների փոփոխություն կլինի: 

 

Նվագախումբը մի շարք կարևոր հյուրախաղեր ուներ ծրագրված, որը պետք է սկսվեր մայիսի 26-ին՝ Պետերբուրգի Մարինյան թատրոնից, հետո Մոսկվա, ԱՄՆ: Համերգներն արդեն չեղարկվե՞լ են:

– Ի ուրախություն մեզ, համերգները տեղափոխվեցին և մեկ տարի հետո կունենանք այդ համերգային շրջագայությունը: Ինչ վերաբերում է Բեթհովենի 250-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, ձևաչափը կփոխվի, որը սակայն ևս կարևոր դերակատարում կունենա: ԿԳՄՍ նախարարության հետ որոշում կայացրեցինք, իրականացնել Բեթհովենի սիմֆոնիաների ձայնագրությունն ու տեսագրությունը, որը մեծ արխիվ կհանդիսանա, իսկ եթե կարողանանք միջազգայնացնել՝ նաև հաղթանակ կունենանք արդեն միջազգային ասպարեզում: Հուսով ենք, որ աշնանը կսկսենք իրագործել մեր բազմազան ծրագրերը, մասնավորապես Երևանյան միջազգային փառատոնը: Համենայն դեպս, հայտնի երաժիշտների հետ, որոնք Երևան պետք է գային, բանակցային փուլն ընթացքի մեջ է: Սպասենք և հուսանք:

­