Բացել լրահոսը Փակել լրահոսը
սամօ
A A
Հասարակություն

Ովքե՞ր են տեղաշարժը եւ հեռախոսազանգերի շրջանակը հսկող ծրագրի հեղինակները. Կառավարությունը հրաժարվում է բացահայտել

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում օրինական ճանապարհով հեռախոսային զանգերը վերահսկելու համար ներդրված թվային ծրագիրը մասնագետների շրջանում հարցերի և տարակարծությունների տեղիք է տվել: Ծրագիրը հասանելի է դարձնում  քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը։

Ո՞ր ընկերության և/կամ անհատ(ներ)ի կողմից է մշակվել ծրագիրը` հայտնի չէ: Այս հարցի պատասխանը ստանալու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը և փորձագետ Իզաբելլա Սարգսյանը դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից մերժել են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը` պատճառաբանելով՝ գնման գործընթաց տեղի չի ունեցել, հավելվածը մշակել են անհատ ծրագրավորողներ, կամավորության սկզբունքով:

«Ա+»-ի հետ զրույցում հարցման հեղինակներից Շուշան Դոյդոյանը ընդգծեց, որ այս գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը անհրաժեշտ է, ինչը ենթադրում է  հանրությանը ճշգրիտ և հստակ տեղեկատվության տրամադրում.

«Եթե չկա հանրային վերահսկողություն, խախտումների և չարաշահումների վտանգը մեծանում է, եթե չկա հստակ և ճշգրիտ տեղեկատվություն, ապատեղեկատվության և ֆեյք լուրերի համար պարարտ հող է ստեղծվում և դավադրապաշտությունը զարգանում է հենց տեղեկատվության պակասից»:

Դոյդոյանը հույս հայտնեց, որ Կառավարությունը ենթադրություններից խուսափելու համար նշված տեղեկատվությունը կհանրայնացնի։

«Եթե մենք ընդհանրապես կամավորության իրավական կարգավորում չունենք, ինչպե՞ս է պետությունը կամավորության սկզբունքով նման կարևոր ռեսուրս վերցրել, վճարե՞լ են, չե՞ն վճարել, պայմանագիր կնքե՞լ են, որով կողմը որոշակի պարտավորություններ է ստանձնել և չի կարող, օրինակ՝ ծրագիրը վերավաճառել երրոդ կողմի»,-այս հարցերի մասին բարձրաձայնում է Դոյդոյանը և ակնկալում ստանալ պատասխաններ:

Ինֆորմացիան ստանալու համար դատարան դիմել չեն պատրաստվում, բայց արձագանք չստանալու դեպքում կդիմեն նաև մարդու իրավունքների պաշտպանին:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս թափանցիկության անհրաժեշտություն է տեսնում, ասում է` խոսքն այստեղ բոլորիս տվյալների հավաքագրման և մշակման մասին է, մինչդեռ այս հարցում ամեն քայլ արվում է այնպես, որ մարդկանց մոտ ավելի շատ կասկածներ առաջանան:

«Այս հարցը չպետք է լուծվի տնավարի, պետք է հայտնի լինի` ով է արել, դա երկրորդական կլիներ, եթե հայտնի լիներ` ով է աուդիտ արել»:

Փորձագետն ասում է` պատասխանատվություն կրող կառույցը պետք է հանրությանը հայտնի լինի և վստահություն ներշնչի:

Համակարգը մեդիափորձագետի մոտ արդեն մատնանշված հարցերից զատ, մի շարք այլ հարցեր էլ է առաջացրել.

«Ինչպե՞ս է կարգավորվում մուտքը այդ համակարգ, ովքե՞ր ունեն հնարավորություն օգտվելու, ինչպե՞ս է ապահովվում, որ այդ տվյալները չօգտագործվեն այլ նպատակով»:

Մասնագետը ներկայացնում է համակարգի գործարկման տեխնիկական կողմը և կրկին հարցադրումներ անում` անհայտ կազմակերպությունը երեք օպերատորներից հավաքագրել է բոլոր տվյալները, պահպանում է, իսկ այստեղ խոսքը գնում է երկարաժամկետ պահպանման մասին և մշակում է.

«Հարց է առաջանում` արդյո՞ք այս համակարգը ստեղծող կազմակերպությունը շարունակում է վերահսկել այդ տվյալները, թե՞ փոխանցել է ԱԱԾ-ին և ինքը կապ չունի դրա հետ` մենք չգիտենք»:

Համակարգի հանդեպ անվստահությունը հասկանալի է, ասում է  Մարտիրոսյանն ու հիշեցնում.

«Համակարգը ստեղծելուց մի քանի  օր առաջ Կառավարությունը առաջարկեց մարդկանց ներբեռնել հավելված, որը հետագայում, ինչպես պարզվեց, Իրանում է ստեղծված և աշխարհում արդեն տեղեկատվական անվտանգությունով զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից ահազանգվել էր, որ դա պարունակում է իր մեջ լրտեսական ծրագրեր»:

Հիշեցնենք` ապրիլի սկզբին Ազգային ժողովն ընդունեց համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերը և տեղաշարժը վերահսկող նախագիծ: Օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը, ըստ Կառավարության անդամների, վարակակրի հետ շփում ունեցած անձանց շրջանակը հայտնաբերելը և կորոնավիրուսի տարծման շղթաները վերահսկելի դարձնելն էր:

Ծրագրի արդյունավետության մասին տեղեկատվություն փորձեցինք պարզել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: 

Ապրիլի  վերջին հայտարարվել էր, որ քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգի  միջոցով հայտնաբերվել են շուրջ 4 հազար 500 կոնտակտավորներ: