Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատարանին ներկայացվեցին ապացույցներ, որ «Ա1+»-ը եթերազրկվել է խտրականության հիմքով (տեսանյութ)

«Ա1+»-ը  կապուղիների մրցույթում պարտվող է ճանաչվել մինչ մրցույթը եւ եթերազրկվել է խտրականության հիմքով։   Վարչական դատարանում «Ա1+»-ի  ներկայացուցիչները՝  փաստաբաններ  Արա Ղազարյանն ու  Դավիթ  Ասատրյանը,  ներկայացրին  33  ապացույց, որ հեռուստաընկերության եթերազրկումն եղել է  ազատ խոսքի սահմանափակման նպատակով։

 Ըստ Դավիթ Ասատրյանի՝  մոտ 200 էջ նյութերը, որոնք  քաղվածքներ են  մամուլի հրապարակումներից,  քաղաքական գործիչների  եւ լրատվական  կազմակերպությունների  հայտարարություններից, ցույց են  տալիս` ինչպես է «Ա1+»-ի եթերազրկումը ուղղակի կամ անուղղակի սահմանափակել  հանրության եւ մյուս հեռուստաըկերությունների խոսքի ազատությունը։

 «Ա1+»-ը դատարան է դիմել  2003թ-ին կայացած կապուղիների  մրցույթների  վերաբերյալ` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշումներն առոչինչ ճանաչելու պահանջով։  

Փաստաբան  Արա Ղազարյանը դատական նիստում ընդգծեց, որ այս հայցն ընդդեմ մրցույթներում  հաղթող ճանաչված հեռուստաընկերությունների  չէ, այլ  ապացուցելու, որ  ՀՌՀ մրցույթները ձեւական են եղել, «Ա1+»-ին եթերազրկելու եւ եթեր վերադառնալու հնարավորություն չտալու որոշումները եղել են «այլ  կաբինետներում», որոնց մասին ակնարկեց նաեւ ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ԱԺ-ում երեկ տարեկան հաղորդում ներկայացնելիս։  

Իհարկե, ըստ փաստաբանի, դժվար է լինելու ապացույց  ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի մոտ՝  «Ա1+»-ի վերաբերյալ գաղտնի ժողովից, բայց կփորձեն այնքան նյութեր ներկայացնել, որոնք ցույց կտան այդ կանխակալ եւ խտրական վերաբերմունքը։

Չնայած, ըստ  հայցվոր կողմի, այս  դեպքում հակառակը պետք է ապացուցեն ՀՌՀ-ն ու ՀՀ կառավարությունը, որոնց դեմ է «Մելտեքս» ՍՊ ընկերության հայցադիմումը։

Խտրականության բացառումը փաստաթղթավորված է,- հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչ Դավիթ Մարգարյանը։

Փաստաբան Դավիթ Ասատրյանի համար՝ այս արտահայտությունն անհասկանալի էր եւ նա հույս ունի, որ   բուն դատավարության ընթացքում կպարզվի՝  ինչ նկատի ուներ նա։

Վարչական դատարանը  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից 11.06.2003թ. կայացած թիվ 18-Ա որոշումը, 18.07.2003թ. թիվ 31-Ա որոշումը, 18.07.2003թ. թիվ 30-Ա որոշումը, 18.07.2003թ. թիվ 29-Ա որոշումը, 13.10.2003թ. թիվ 74-Ա որոշումը, 13.10.2003թ. թիվ 75-Ա որոշումը, 24.12.2003թ. թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջների մասին հայցադիմումը ընդունել  է  վարույթ  նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին։

Այսօրվա դատական նախնական նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչ Դավիթ Մարգարյանը պնդում էր, որ գործը պետք է կարճվի՝  վաղեմության ժամկետն անցած լինելու   հիմքով:    Դատավոր Դանիել Դանիելյանը կրկնեց այն , ինչ ասվել էր  հայցադիմումը  վարույթ ընդունելիս . այս փուլում բացակայում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը:

Դատակավարությունը կշարունակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 15-ին։

Այլ մանրամասներ՝   նիստից հետո «Ա1+»-ի ներկայացուցիչներից Դավիթ Ասատրյանի  հետ զրույցում