Օրենսդրորեն լինելով անկախ՝ ՀՌԱՀ-ը ոչ ֆորմալ ղեկավարվել է այլ կաբինետներից. Տիգրան Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղոդումը:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով զեկույցը, ընդգծեց՝ իրենց ուսումնասիրությունները վկայում են, որ ներկա իշխանությունները պահում են 2018-ին հռչակված հիմնարար ժողովրդավարական սկզբունքները՝ լրատվամիջոցների անկախությունը պետությունից և իշխանությունից:
Չնայած այս ամենին՝ նա մեր երկրում խոսքի ազատության և լրատվամիջոցների անկախության մակարդակը բավարար չի համարում.
«Իշխանությունների չմիջամտելը որևէ կերպ չի նշանակւմ, որ լրատվամիջոցները ազատ և անկախ են, որովհետև բացի պետական մարմիններից, կան բազմաթիվ այլ գործոններ և շուկայում խաղացողներ, որոնք թույլ չեն տալիս, որ անկախ մեդիան զարգանա»:
Հանձնաժողովի նախագահն ակնարկում է հեռուստաընկերությունների բաժնետերերի մասին, ովքեր հաճախ ներազդում են լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականության վրա՝ իրականացնելով ստվերային ֆինանսավորում:
Հակոբյանը հիշեցնում է՝ նախինում բաժնեմասի նույնիսկ մեկ տոկոս չէր կարող վաճառվել առանց ամենավերին ատյանների գիտության, մինչդեռ, 2019-ին այդպիսի գործարքներ կատարել են 9 հեռարձակողներ՝ առանց իշխանության կամ հանձնաժողովի միջամտության:
Հակոբյանը մեկ այլ հանգամանք է շեշտադրում՝ 2019-ին 5 հեռուստաընկերություն հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել, մինչդեռ, հանձնաժովի ձևավորումից ի վեր՝ ընդդեմ հանձնաժողովի դատարան դիմել է միայն արդեն եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը:
Սա Հակոբյանը համարում է ազատության և ժողովրդավարության ցուցիչ և ակնարկում, որ ի տարբերություն նախկին ժամանակահատվածի, այսօր հանձնաժողովի և հեռուստաընկերությունների հարցերը լուծվում են ոչ թե կաբինետներում, այլ միայն իրավական դաշտում:
Հանձնաժողովի կազմավորումից ի վեր, դրա անկախության հարցը արդարացիորեն կասկածի տակ է դրվել,-խոստովանում է ներկայիս նախագահը.
«Օրենսդրորեն լինելով անկախ՝ ՀՌԱՀ-ը ոչ ֆորմալ ղեկավարվել է այլ կաբինետներից: Շատ կարևոր որոշումներ, որոնք պետք է ընդունվեին հանձնաժողովում, ընդունվում էին հանձնաժողովի գրասենյակից դուրս»:
ՀՌԱՀ-ի ներկայիս նախագահը վստահեցնում է՝ այսօր որևէ մեկը իրենց գործունեությանը միջամտելու փորձ չի անում և բոլոր որոշումները կայացնում են ազատ և առանց ճնշումների:
Այս ամենից զատ ոլորտում օրենսդրությունը անկատար և թերի է, խոստովանում է Տիգրան Հակոբյանը և հույս հայտնում, որ այս տարի հարցը կլուծվի:
Ըստ նրա՝ խնդիր է նաև այն, որ մեխանիզմներ չկան բացահայտելու հեռուստաըներությունների իրական սեփականատերերին, ինչը հանգեցնում է մի իրավիճակի, երբ որոշ հեռուստառադիոընկերություններ անտեսում են հանրային շահը և իրենց բովանդակությամբ ծառայում են քաղաքական ուժերին կամ անհատներին:
Պատգավորները նրան հարցեր կտան հաջորդ նիստին։