Կովերը «պահում են» գյուղը
Աջակցիր «Ա1+»-ինԱլվարում սպառնում են բարձրացնել կաթի գինը, եթե բաձրանան կոմունալ վճարները:
Շիրակի մարզի Ալվար գյուղի բնակիչները եկամտի երկու աղբյուր ունեն: Գյուղի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի եւ պարբերաբար գումար ուղարկում հարազատներին,իսկ կանայք կով են պահում եւ վաճառում կաթը, ինչպես իրենք են նշում ՝ չնչին գնով:
Հնում Ալվար գյուղը կոչվել է Դուզքյանդ: Մինչեւ 1989 թվականն այստեղ բնակվել են ադրբեջանցիներ: Արցախյան գոյամարտի տարիներին, ինչպես տարածաշրջանի շատ գյուղերում, այստեղ եւս, ադրբեջանցիները լքել են բնակավայրը: Գյուղում հաստատվել են Ախալքալաքի՝ Փոքր Սամսար եւ Բոգդանովկայի շրջանի՝ Սաթխա գյուղերից գաղթած հայերը: Արդեն երկար տարիներ էլ 33 տնտեսությունից բաղկացած համայնքը փորձում է բնականոն կյանք վարել, սակայն կենսապայմանները թույլ չեն տալիս: Գյուղում չկա բուժկետ եւ նույնիսկ խանութ:
Կաթի իրացման խնդիրն էլ գյուղի համար գլխացավանք է դարձել. կաթ գնող կազմակերպությունները շատ են, ժամանակին վճարողները՝ քիչ: Ալվարցիների ապրուստի հիմնական միջոցն էլ հենց այդ վճարումներն են: Տեղացի Մարթա Ստեփանյանի միակ եկամուտն էլ է կաթի վաճառքից ստացված գումարը: Ասում է՝ օր ու գիշեր գոմում է, աչքի լույսի պես խնամում է վեց կովին: Եթե անասուններից մեկը հանկարծ հիվանդանում է, նրանց ընտանիքում իսկական սուգ է սկսվում: Ընտանիքում երեք դպրոցահասակ երեխա կա: Նրանց հագցնել ու կերակրել է պետք, խնդիրները հոգալ, արտերկրում աշխատող ամուսնու աշխատավարձը այնքան էլ բարձր չէ: Արդյունքում էլ՝ Ստեփանյանների ապրուստի հիմնական միջոց դարձյալ կովերն են մնում:
Ալվարում կա տրանսպորտի խնդիր: Ալվարը նաեւ դեռ գազաֆիկացված չէ: Սակայն այս համայնքն արդեն ընդգրկված է համայնքերի գազաֆիկացման ծրագրի մեջ եւ 2010-2011 թվականների ընթացքում այդ հարցը կլուծվի:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ