Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Նոր կառավարությունն ինչպե՞ս կարող է ասել, թե «Ա1+»-ի նկատմամբ խտրականություն չի եղել․ Արա Ղազարյան (տեսանյութ)

«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե նոր կառավարությունն ինչպես կարող է ասել, որ «Ա1+»-ի նկատմամբ խտրականություն չի եղել։ Սա սիմվոլիկ գործ է։ Եթե այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, իսկապես հեղափոխություն էր, ուրեմն կառավարությունը պետք է ասի, որ «Ա1+»-ի նկատմամբ տեղի է ունեցել խտրականություն և քողարկված քաղաքական հետապնդում»,- ասում է փաստաբան Արա Ղազարյանը։

«Ա1+»-ը իր ոտնահարված իրավունքները վերականգնելու և ՀՌԱՀ-ի ու ՀՀ դատարանների որոշումներն առոչինչ ճանաչելու համար դիմել է Վարչական դատարան։ Հունիսի 4-ին նշանակված է առաջին դատական նիստը։ «Վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչև մրցույթի կազմակերպումը «Ա1+»-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության, մարդու իրավունքների հիմնաքարին»,- ասում է փաստաբանը։

Բայց նա զարմանում է, որ օպոնենտները՝ 7 հեռուստաընկերություններն ու երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը որևէ պատասխան չեն տվել։ Նա հույս ունի, որ հունիսի 4-ի դատական նիստին գոնե կառավարության ներկայացուցիչը կմասնակցի ու իր կարծիքը կհայտնի «Ա1+»-ի եթերազրկման վերաբերյալ։

«Շատ կուզենայինք նաև լսել, թե ինչպես է կայացվել «Ա1+»-ի փակման որոշումը, հետկուլիսային պայմանավորվածությունները պետք է ջրի երես դուրս գան։ Հասարակությունը շատ լավ գիտի, թե ովքեր են եղել դերակատարները, ովքեր են իրենց կամովին առաջարկել որպես գործիք, որպեսզի «Ա1+»-ը փակվի։ Նրանք մարդիկ են, որոնք, այնուհետև մենք տեսանք, որ իրենց վրա որևէ քաղաքացիական պատասխանատվություն չվերցրեցին։ Նրանց հետաքրքրում էր իրենց բիզնեսը, և օգտվեցին «Ա1+»-ի ձախողումից»,- հավելում է Ա․Ղազարյանը։

Փաստաբանը նաև անդրադարձավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին, որը հրապարակվել էր անցած շաբաթ։

«Սա ուղեցուցային որոշում է։ ՄԻԵԴ-ը շարադրեց այն սկզբունքները, որով ազգային դատարանը պետք է շարունակի գործը քննել և որոշում կայացնել։ Մենք տեսանք, այն, ինչ ՄԻԵԴ-ը կրկնում է վերջին 20-30 տարիներին, որ քրեական նորմը պետք է ճշգրիտ լինի, մանրամասն և ընդհանրացված չլինի, որովհետև դա չի ապահովում կանխատեսելիություն։ Եվ երկրորդը, որ քրեական նորմը չի կարող հետադարձ կիրառվել։ Մնացածը թող որոշի ազգային դատարանը»,- ասաց նա։

 Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ն իր այդ կարծիքը հրապարակել էր ի պատասխան ՀՀ ՍԴ-ի խնդրանքին։