Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Աղոթում ենք, որ մի օր «Oրրան»-ը փակվի. Արմինե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Oրրան»-ում այսօր համբուրգերներ չպատրաստեցին: Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թույլ չտվեց, որ այստեղ հյուրընկալվեն պաշտոնյաներ եւ հայտնի հյուրեր, որոնք կպատրաստեին համբուրգերներ «Oրրան»-ի սաների համար: Բայց երեխաներն այսօր ստացել են տոպրակով նվերներ:

«Ա1+»-ի հետ զրույցում «Oրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր դեպքերում այսօրը՝ հունիսի 1-ը փորձել են տոն դարձնել իրենց սաների համար:

Ծնողների հետ առանձին-առանձին հրավիրել են կազմակերպություն եւ նվերներ բաժանել: Կորոնավիրուսը ազդել է բարեգործական կազմակերպության ֆինանսական հոսքերի վրա. բայց այս ամիսներին փորձել են իրենց խնայողությունների եւ որոշ բարերարների միջոցով օգնել շահառու 300 երեխաներին եւ 100 միայնակ տարեցներին՝ նրանց սննդի փաթեթներ տրամադրելով:

Տիկին Արմինեն ասում է, որ իրենց գործը բարդացել էր, քանի որ այս պարագայում օգնում էին ոչ թե միայն երեխաներին այլ նրանց ընտանիքներին:

Բարեբախտաբար, իրենց շահառուներից որեւէ մեկը չի հիվանդացել կորոնավիրուսով: «Oրրան»-ի սաները անապահով ընտանիքներից են, նրանց ծնողներից շատերը կորցրել են աշխատանքը իրավիճակով պայմանավորված, եւ բաժանվող սնունդ ուղղակի անհրաժեշտություն է եղել անցնող ամիսներին:

Հոգեբանները եւ սոցիալական աշխատողները մշտապես աշխատել են այս երեխաների հետ, բայց, ինչպես ասում է տիկին Արմինեն, սաներից ոմանք ագրեսիվ են դարձել:

Նրանք ոչ բարենպաստ ընտանիքներից են ու երբ սկսեն կենտրոն հաճախել, այստեղ պիտի փորձեն նրանց նորից սովորեցնել չհիասթափվել եւ ընդօրինակել՝ համեմատություններ անելով:

Կգա՞ ժամանակ, որ Հայաստանում չեն լինի աղքատ եւ մուրացիկ երեխաներ:

Արմինե Հովհաննիսյանն ասում է, որ աղոթում են, որ մի օր «Oրրան»-ը փակվի որպես բարեգործական կազմակերպություն եւ դառնա մշակութային կենտրոն երեխաների համար: Ի դեպ, նա չի զարմանում, երբ ոմանք շահարկում են աղքատ երեխաների փաստը:

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կօգտվեն իրավիճակից իրենց սրիկա նպատակների համար,- ասում է նա:

Երեխաների իրավունքների մասին խոսելիս տիկին Արմինեն հարց է բարձրացնում, արդյո՞ք մենք միշտ ենք հարցնում աշակերտության եւ երիտասարդության կարծիքը՝ նրանց վերաբերյալ օրենքներ ընդունելիս: Մանրամասները՝ տեսանյութում