Բացել լրահոսը Փակել լրահոսը
TE
A A
Քաղաքականություն

Գործի հետ կապված որևէ ազդեցություն չի կարող ունենալ․ Տիգրան Եգորյանը՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  այսօր ներկայացրել  է իր գրավոր խորհրդատվական կարծիքը՝ ՀՀ  Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) վերաբերյալ։ Խորհրդատվության համար ՄԻԵԴ-ին դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարանը։  

Հոդվածով մեղադրանք է առաջադրված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ։

ՄԻԵԴ կարծիքի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մահացած 10 անձանցից 9-ի իրավահաջորդների փաստաբան, տուժողների շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի հետ։

«Գործի (Ռոբերտ Քոչարյանի գործ - հեղ․) հետ կապված որևէ ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքն այն մասին է, որ գործը քննող դատարանը պետք է նստի և ուսումնասիրի գործի կոնկրետ փաստերն ու փաստական հանգամանքները և ինքը գնահատական տա այն հարցերին, որոնք ՍԴ-ն փորձել էր ուղարկել, փորձել էր պարզել ՄԻԵԴ-ից։ Եվ դրա կապակցությամբ Եվրոպական դատարանը հղում է կատարում իր ձևավորած դատական պրակտիկային և Եվրպայի խորհրդի անդամ տարբեր պետությունների պրակտիկաներին։ Մասնավորապես խոսքը վերաբերում է 3-րդ և 4-րդ հարցերին, որոնցով բարձրացվել էր քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի հետադարձ ազդեցության հարցը և առհասարակ 300․1 հոդվածի՝ Կոնվենցիայի 7-րդ հոդվածում (Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա - հեղ․) համապատասխանության վերաբերյալ»,- ասաց փաստաբանը։

Խոսելով ՍԴ-ի կողմից ուղղված 1-ին և 2-րդ հարցերին ՄԻԵԴ պատասխանների մասին՝  Եգորյանը նշեց, որ Եվրոպական դատարանի դիվանագիտական լեզվով տարակուսանք է արտահայտվում Սահմանադրական դատարանի անունից այս հարցերը ձևակերպած անձանց մասնագիտական որակների կապակցությամբ, որովհետև դրանք, ինչպես արձանագրում է Եվրոպական դատարանը, նույնիսկ չեն էլ համապատասխանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության (16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պայմանագրի կողմ պետությունների բարձրագույն դատարաններին խորհրդատվական կարծիքի համար դիմել ՄԻԵԴ-ին – հեղ․) չափանիշներին և դրանց չի պատասխանել։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ հետադարձ ուժի մասով ՄԻԵԴ կարծիքի մեջ նշվել է, որ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային։ Քոչարյանի շահերի պաշտպանը որպես հետադարձ ուժի կիրառման ներպետական պարկտիկա, նշել էր «Յոթ»-ի գործը և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը։ 

Վարդևանյանի պնդման մասով Եգորյանն ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը, և Եվրոպական դատարանը հստակ ասել է, որ գործը քննող դատարանը, գործի փաստական հանգամանքներից ելնելով, գնահատի հետևյալ մի քանի հարցերը և գտնի այդ հարցերի պատասխանները․

«Որո՞նք են՝ արդյո՞ք 300․1 հոդվածը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն կոնկրետ արարքների համար, ամբողջությամբ ծածկում է առաջադրված մեղադրանքը։

Հաջորդ հարցը․ արդյո՞ք այդ արարքները, որոնք մեղադրանքում շարադրված են, քրեականացված են եղել նաև 2008 թվականին գործող ՔՕ 300-րդ հոդվածով (Պետական իշխանությունը յուրացնելը – հեղ․):

Եվ հաջորդ հարցը․ արդյո՞ք 300․1 հոդվածով սահմանված քրեական պատասխանատվությունն ավելի խիստ չէ, քան նախկինում գործող 300-րդ հոդվածով սահմանվածը։ Եվ այս հարցերի պատասխանները պետք է տա գործը քննող դատարանը՝ ըստ Եվրոպական դատարանի և նաև Եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկայի»։

Այս ամենը, ըստ Տիգրան Եգորյանի, պարզ և հասկանալի էր մինչև Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը, այնպես էլ խորհրդատվական կարծիքից հետո։