Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gostrans Plus
A A
Հարցազրույց Տնտեսություն

Մինչեւ 20-ից 30 օր հայկական բեռնատար մեքենաները մնացել են ռուս-վրացական սահմանին․ «Գոստրանս Պլյուս» ընկերության տնօրեն

«Ա1+»-ը զրուցել է «Գոստրանս Պլյուս» բեռնափոխադրող ընկերության հիմնադիր տնօրեն Սաթենիկ Հակոբյանի հետ։

Ի՞նչ բնույթի բեռնափոխադրումներ է «Գոստարնս Պլյուս» ընկերությունն  իրականացնում այժմ, ի՞նչ խնդիրների է բախվել ընկերությունը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, ինչպե՞ս է հաղթահարում դրանք։

-«Գոստրանս Պլյուս» ՍՊԸ-ն այժմ կատարում է հավաքական և ամբողջական բեռների  ցամաքային (ավտոմոբիլային ), ծովային, օդային բեռնափոխադրումներ: Այս ոլորտի  խնդիրներն իրականում շատ են եղել նույնիսկ մինչև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, իսկ  վերջինս ուղղակի ավելացրել է դրանք: Չնայած ոլորտը ինքնին բավականին բարձր ռիսկեր պարունակող ոլորտ է, մենք միշտ հաղթահարել ենք և՛ ֆորս–մաժորային իրավիճակներ, և՛ լուծել ենք տարբեր բնույթի խնդիրներ, և՛ հաղթահարել դժվարություններ՝ փորձելով դուրս գալ, որքան հնարավոր է, «նվազագույն» կորուստներով , սակայն մեր ջանքերը ոչ միշտ են հաջողությամբ պսակվել։ Քանի որ Վրաստանը հանդիսանում է Հայաստանը աշխարհին կապող հիմնական մեծ միջանցքը, այդ իսկ պատճառով մենք բախվեցինք խնդիրների Վրաստանի սահմանների վերահսկողության ուժեղացման ընթացքում՝ ռուս-վրացական սահմանին և Վրաստանի տարբեր հատվածներում բեռնատար մեքենաների մեծ կուտակումների գոյացման հետևանքում։ Այնուհետև դժվարություններն ավելացան Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց  հետո նոր սահմանափակումներով պայմանավորված։ Այդ ընթացքում բեռնատար մեքենաների  երթևեկությունը սահմանից սահման կատարվել է բացառապես ուղեկցումով: Այս ամենին զուգահեռ եղանակային պայմանները նույնպես վատացել են։ Մինչեւ 20-30 օր հայկական բեռնատար մեքենաները մնացել են ռուս-վրացական սահմանին և Վրաստանի տարածքում։ Այնուհետև իրավիճակը բարդացել է Մառնեուլիի շրջանի փակման և ուժեղացված վերահսկողության պատճառով, ինչի հետևանքով բեռնատար մեքենաները օրեր շարունակ մնացել են Բագրատաշենի անցակետում կուտակված:

 

-Հայաստանից դուրս ո՞ր պետություններում եք բեռնափոխադրումներ իրականացնում, և ի՞նչ նոր ուղղություններ եք ձեզ համար բացել այս տնտեսական ճգնաժամի պայմաններում։

-Քանի որ ՀՀ-ից արտահանվող բեռների առյուծի բաժինը փոխադրվում է դեպի ՌԴ  և ԵԱՏՄ մյուս երկրներ,, եղան շատ մեծ կորուստներ հենց այդ երկրներ արտահանվող բեռների փոխադրման ժամանակ: Պտուղ-բանջարեղեն, ձուկ և պահպանման կարճ ժամկետ ունեցող այլ  ապրանքներ մինչև բեռնաթափման հասցեներ հասցնելն արդեն փչացել էին: Սկզբնական շրջանում խուսափում էինք Եվրոպայից բեռնափոխադրումներ իրականացնել, մինչև որոշակի չափով սկսեցինք ադապտացվել իրավիճակին, որից հետո վերականգնեցինք նաև այդ ուղղությունը։  Չինաստանի հետ շատ կարճ ընդմիջում է եղել, որից հետո աշխատանքները արագ վերականգնվել են: Հատուկ պետք է նշել, որ այս ընթացքում դժվարությունների մեծ մասը հաղթահարել ենք ի շնորհիվ մեր վարորդների՝ առաջնագծի այն մարտիկների, ովքեր այս դժվարին օրերին իրենց կյանքը վտանգելով՝ ցրտին, ճանապարհներին, անցակետերում, անմարդկային պայմաններում տասնյակ օրեր անցկացնելով, հեռու գտնվելով տնից, ընտանիքից, հարազատներից, ոչ միայն իրենց աշխատանքն են կատարել, այլ պայքարել են մեր ազգի համար՝ ապահովելով պարենով, դեղորայքով և կյանքի համար անհրաժեշտ այլ ապրանքներով: Այս տնտեսական ճգնաժամի պայմաններում նոր ուղղություններ Գոստրանս Պլյուս ՍՊԸ-ն չի բացել, միայն կարող ենք ասել, որ ակտիվացել են  օդային բեռնափոխադրումները։ Որոշ ժամանակ  դադար գրանցելուց հետո կրկին ակտիվություն է նկատվում, սակայն առայժմ հիմնականում  Մոսկվա քաղաքից:

 

-Ընկերությունում հաստատվե՞լ են կորոնավիրուսի դեպքեր, եթե այո, ապա կարո՞ք եք թիվ նշել։ Այս պայմաններում ինչպե՞ս եք ընկերության աշխատանքները կազմակերպում։

-Բարեբախտաբար  մեր կազմակերպությունում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել: Մինչև արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը արդեն դադարեցրել էինք գրասենյակի աշխատանքները՝ փորձելով դրանք կազմակերպել տնից՝  հեռահար։ Աշխատանքները վերսկսել ենք վերջին շաբաթվա ընթացքում՝ պահպանելով առողջապահական  բոլոր պահանջները, անվտանգության բոլոր նորմերը: Մեր միակ զենքն այս պայքարի ընթացքում եղել և մնում է ինֆորմացիան։ Այն ստացել ենք հնարավոր և անհնար բոլոր միջոցներով՝  թե՛ սահմանափակումների, թե՛ ճանապարհների, թե՛ անցակետերի վերաբերյալ, որպեսզի ժամ առաջ կարողանանք լուծել մեր առջև ծառացած խնդիրները։ Եվ կարծում եմ՝ ինչ-որ չափով դա մեզ հաջողվել է:

 

-Ի՞նչ դիմումներ, առաջարկներ ունեք կառավարությանը, ի՞նչ կանխատեսումներ ունեք համաշխարհային, մասնավորապես հայաստանյան տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտների վրա է պետք ուշադրություն դարձնել հնարավորինս քիչ տնտեսական վնասներով իրավիճակից դուրս գալու համար։

-Դիմում, առաջարկներ կառավարությանը այս պահին չունենք։ Միայն խնդրում ենք  տնտեսության զարգացման ռազմավարական նոր ծրագրեր մշակել, շարունակել սատարել և օգնել տնտեսվարողներին և քաղաքացիներին, որպեսզի միահամուռ ուժերով հաղթահարենք այս ճգնաժամը։ Այս պահին որևէ կանխատեսումներ անել կնշանակի գերագնահատել մեր տնտեսական գիտելիքներն ու փորձը, քանի որ թե՛ համաշխարհային, թե՛ մասնավորապես հայաստանյան  տնտեսությունը «վերակենդանացման» կարիք ունեն և երկար վերականգնման ճանապարհ պետք է անցնեն: Ըստ իս՝ պետք է հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը,  արտադրությանը և տուրիզմին, որոնք մյուս ոլորտների գոյության  պահպանման և զարգացման համար խթան կհանդիսանան: Կոչ եմ անում բոլորիս  լինել ուժեղ, միասնական, համախմբված, որպեսզի նվազագույն կորուստներով հաղթահարենք այս դժվարին համամարդկային փորձությունը: Առողջություն և բարօրություն բոլորիս ընտանիքներին: