Չավարտված հարցազրույց Բեգլարյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ին
Գագիկ Բեգլարյանն արդեն մեկ տարի է զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը : Հիշեցնենք, որ նա 2009թ մայիսի 31-ին Երեւանի քաղաքապետ ընտրվեց, երբ դրանից երկու ամիս առաջ` մարտի 4-ին, արդեն նշանակվել էր այդ պաշտոնում:
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում ելույթից անմիջապես հետո «Ա1+»-ը մի քանի հարցեր ուղղեց Երեւանի քաղաքապետին: Բայց քանի որ պարոն Բեգլարյանի օրակարգը շատ լեցուն էր, մեր հարցազրույցը մնաց անավարտ:
- Զգո՞ւմ եք տարբերություն քաղաքապետի` նշանակովի եւ ընտրովի պաշտոնը զբաղեցնելու մեջ:
- Ես այդ տարբերությունը տեսել եմ անընդհատ` 7 տարի շարունակ, երբ Կենտրոն համայնքի ղեկավար էի աշխատում: Իհարկե, թե ընտրովի, թե նշանակովի պաշտոնում պետական մտածելակերպի, լավ աշխատանքի միջեւ տարբերություններ չկան: Բայց կա տարբերություն, քանի որ երբ բնակիչն է ընտրում, ապա պարտավորված ես նրա ընտրության առջեւ, պետք է արդարացնես նրա սպասելիքները:
-Արդյո՞ք Երեւանի Ավագանին չի կիսում այդ պատասխանատվությունը:(Մայիսի 31-ին Երեւանում տեղի էին ունեցել ոչ թե քաղաքապետի, այլ ավագանու ընտրություններ-խմբ)
-Այո, մեր որոշումների մեծ մասն ընդունվում է Ավագանու որոշմամբ: Անկախ ամեն ինչից Ավագանին պետք է մասնակցություն ունենա եւ որոշումներ կայացնի քաղաքապետի հետ միասին:
-Իսկ Ձեր գերակա ազդեցությունը չկա՞ որոշումների կայացման վրա: Եթե դուք կողմ եք տվյալ որոշմանը, Ավագանին կընդդիմանա՞:
-Իրենք միշտ կարող են ընդդիմանալ, բայց քաղաքապետի ազդեցությունը այդ հարցում պետք է լինի առաջնային: Բայց քաղաքապետը պետք է կարողանա պնդել հիմնավորելով: Նա պետք է կարողանա տրամաբանորեն համոզել Ավագանիին, որ այդ հարցում որոշման պահը հասունացել է եւ պարտադիր է:Ամեն ինչ պետք է լինի տրամաբանությամբ:
- Ասացիք` Երեւանը 30-ից ավելի քույր քաղաք ունի: Կա՞ մի քաղաք, որի մի մասը կուզենայիք Երեւանն ունենար:
- Դեռ պետք է կարողանանք Երեւանում եղածը զարգացնել :
-Ի՞նչն է պակասում Երեւանին:
-Երեւանի՞ն ... Երեւանում ամենակարեւորը բնակիչներն են,երեւանցիները, իսկ ինչը պակասում է, մենք բոլորս միասին կլրացնենք:
- Ձեր կարծիքով` 2792-ամյա Երեւանը «հին քաղաք» ունի՞:
-Եթե համեմատում ենք հին քաղաքների հետ, այսօր այդպիսի քաղաք չունենք, բայց մենք ունենք Էրեբունի թանգարանը : Այսօր շատ լավ գործ ենք անում : Կվերականգնենք Էրեբունի թանգարանն իր բոլոր հմայքներով եւ յուրաքանչյուր զբոսաշրջիկի կներկայացնենք մեր 2792 ամյա քաղաքը : Եվ փորձում ենք գիտնականների հետ այնպես անել, որ այնտեղ յուրաքանչյուր ոք զգա այնպես, ինչպես 3000 տարի առաջ են մարդիկ զգացել : Ցույց տալու շատ բան ունենք, եւ առաջիկա մի քանի տարում հասնելու ենք լուրջ հաջողությունների: Երեւանը ներկայանալու է նաեւ մեր ամենօրյա աշխատանքով: Ամեն օր տեսնելու եք դա. մաքրություն. կանաչապատում, քաղաքաշինություն, նոր տեխնոլոգիաների կիրառում : Պայմանավորվածություն ենք ձեռք բերվել տեխնոպարկ կառուցելու վերաբերյալ` «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, Արգավանդ գյուղի մոտ:
- Ե՞րբ Գլխավոր պողոտայում իրականություն կդառնա « Հին Երեւան » նախագիծը, ուր պետք է տեղակայվեն հուշարձան շենքերը:
-Կիրականացվի մոտակա երեք տարում:
- Կա կարծիք, որ Գլխավոր պողոտա տեղափոխվելիք պատմական շենքերի քարերը չեն պահպանվել:
-Համարակալված են, պահպանում են: Հին քաղաքի այդ մոդելը Երեւանոմ պահպանվում է, եւ ես հետամուտ եմ լինելու, որ այն իրագործվի:
-Պարոն Բեգլարյան, դուք հաճա՞խ եք հանդիպում սովորական երեւանցիների հետ:
Երեւանի քաղաքապետը չհասցրեց պատասխանել մեր այս ու մյուս հարցերին, քանի որ նրան զգուշացրին, թե Օդեսայի քաղաքապետը նրան է սպասում:
Զրուցեց Կարինե Ասատրյանը
Ստրասբուրգ