Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Բաբայան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Օրինականության սահմաններում անհնար է Հրայր Թովմասյանին ազատել ՍԴ նախագահի պաշտոնից․ Արսեն Բաբայան

Իշխանությունները մտադիր են Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնել Հրայր Թովմասյանին և դադարեցնել 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Թեմայի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար, իրավաբան Արսեն Բաբայանի հետ։

Իշխանությունները ծրագիր են մտածել, որով ցանկանում են դադարեցնել 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, և փոխարինել նրանց։ Արդյոք սա հնարավո՞ր է գործող օրենսդրությամբ։

Գործող օրենսդրությամբ հնարավոր չէ հասնել այդ նպատակին։ Այդ նպատակը գուցե քաղաքական առումով հնարավոր է հասկանալ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր ելույթներում հնչեցնում էր «ժողովրդի երազանքի դատարան» հասկացությունը, բայց զուգահեռ փորձում էր ուզուրպացնել ՍԴ-ն եւ այն դարձնել բացառապես իր սեփական երազանքի Սահմանադրական դատարանը։ Սակայն իրավական առումով անհնար է օրինականության սահմաններում հասնել այդ նպատակին։ 

Այդ ընթացքում տարբեր հարցազրույցներում շատ եմ ասել՝ «եթե իսկապես ուզում եք ունենալ ձեր նշած «ժողովրդի երազանքի դատարանը», որն ամրագրված է Սահմանադրությամբ, ապա ազնիվ եղեք եւ հենց դա փորձեք անել»։ Հավանաբար հորդորներիս հետեւել են եւ փորձում են ազնիվ լինել։ Սակայն անհրաժեշտ է նախ ունենալ կոնկրետ նախագիծը, որպեսզի հնարավոր լինի գնահատել։

Ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ  ըստ իրենց ծրագրի՝ Հրայր Թովմասյանը կհեռացվի ՍԴ նախագահի պաշտոնից, կդառնա ուղղակի ՍԴ դատավոր, իսկ ՍԴ-ում մնացող և հեռացած դատավորների փոխարեն եկող դատավորներին հնարավորություն կընձեռվի նոր նախագահ ընտրել։ Արդյո՞ք հնարավոր են այս քայլերն օրենքի շրջանակներում։

Հրայր Թովմասյանին այլ կերպ, քան նախատեսված է Սահմանադրությամբ, հնարավոր չէ հեռացնել պաշտոնից։ Իսկ Ռուբինյանի ցանկությունը Սահմանադրությամբ նախատեսված չէ։ Ավելին, դա նախատեսելն էլ կհակասի նույն Սահմանադրությանը։ Սակայն, ինչպես արդեն ասացի, սպասենք նախագծին, որպեսզի հնարավոր լինի ավելի հստակ գնահատել։  Սակայն ակնհայտ է, որ նույնիսկ նախագծի բացակայության պայմաններում էլ կարող ենք հստակ պնդել, որ օրինականության սահմաններում անհնար է Հրայր Թովմասյանին ազատել ՍԴ նախագահի պաշտոնից, բայց պահպանել դատավորի պաշտոնը, քանի որ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է ընտրվել նույնքան օրինական, որքան ՍԴ նախագահ։

Ազգային ժողովն իրավասո՞ւ է այսպիսի քայլեր կատարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ-ին առընչվող օրինագծերը պետք է նախ գնահատականի արժանանան հենց ՍԴ-ի կողմից։

Գործող ԱԺ-ն վաղուց հատել է օրինականության բոլոր սահմանները։ Գործող ԱԺ-ն օրենքներ է ընդունում իրավական ֆուտուրիզմի եւ բեսպրեդելի շրջանակներում։ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, ըստ մեր օրենսդրության, պարտադիր կարգով պետք է անցնի ՍԴ-ի գնահատում, սակայն մենք տեսել ենք նույնիսկ այդ կանոնի խախտում, որն այս իշխանությունների գլխին պատուհաս է դառնալու։ Ավելին, հենց այդպիսի գործողություններով գործող քաղաքական իշխանությունը փորձում է յուրացնել իշխանությունը, տվյալ դեպքում՝ ՍԴ լիազորությունները։